Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

684 Կտրիճն եկավ ուրախացած, թեկուզ տանջուն՝ չբարկացած,
Դաշտում շրջած առյուծի հետ, ինքն էլ առյուծ ու գունատված,
Բախտին հլու՝ ինքը կտրիճ,— ողորմառատ գոհար ընտիր,
Եվ իր սիրո սրտի դիմաց՝ սի՛րտը տվող նա անխտիր։

685 Գահին արևն անմատչելի բազմած է վեհ և զգեցուն
Փռվել որպես ջուրն Եփրատի, հալվե բուսած հանց եդեմում,
Լալ-բյուրեղին սազում էին վարսը սաթե, հոնքերը թավ,
Ո՞վ եմ՝ գովեմ, աթենացի բյու՛ր իմաստուն պիտի հարկավ։

686 Ու տեղ տվեց՝ նստի իր դեմ ուրախացած կտրիճը այն,
Նստած էին լի բերկրանքով, երկուսով էլ ուրախ այնքան։
Եվ անկաշկանդ խոսում էին անուշ խոսքով, երջանկալից.
Ասաց. «Արդյոք շա՞տ տառապանք դու կրեցիր որոնելիս»։

687 Նա թե. «Բախտը երբ որ մարդուն իղձն է տալիս նրա սրտի
Պետք չէ հիշել տանջանքը էլ, որպես եղած անցած օրի։
Գտա ծառին հալվեակազմ, կյանքի ջրո՛վ էր նա ջրած,
Դեմքը նրա՝ վարդ էր կարծես, սակայն հիմա գույնը թռած։

688 Տեսա այնտեղ վարդանման նոճի՝ վշտից տար ու բերվող.
«Կորավ,— ասաց,— բյուրեղը ջինջ, մինան՝ բյուրեղն իմ զարդարող,
Վառվում եմ ես, զի նա նույնպես վառվում է նու՛յն իմ կրակով»
Ապա նորից պատմեց, ասաց, տես ու լիսը Տարիելի քով։

689 Պատմում էր իր որոնումից, տանջանքը ողջ, հոգսը՝ կրած,
Ասաց ապա՝ իր բաղձանքին արժան արեց ինչպես աստված.
«Բախտն ու աշխարհ նրա համար — մեկ է ինչպես մի վայրենու
Խենթ ու մենակ, գազանաց հետ—թափառում է դաշտում այնու։

690 Մի հարցնիր՝ ինչպե՞ս գովեմ, հեշտ չէ գովելն ամեն բանի.
Ով մի անգամ նրան տեսավ՝ էլ ոչ մի բան չի հավանի.
Շող է նա մի արփիական, աչքդ նրան հազիվ մնա,
Բայց քրքում է վարդը դարձել, մանուշակի փնջիկ հիմա»։

691 Նա զեկուցեց ինչ որ գիտեր, ինչ տեսել էր կամ ինչ լսել,
«Անձավը այն խոր է նրա, ինչպես վագրի տուն ու մանձել,
Ու մի կին է լոկ նրա մոտ, նա՝ է տալիս շունչ, սփոփանք,
Ավա՜ղ, աշխարհն իր հյուրերին լաց է տալիս ու տառապանք»։