Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


756 «Թե ինչ արեց, հրամայեց — անկարող եմ ես քեզ պատմել,—
Ինչ վատություն, ինչ չարություն, թե՝ խելա՛ռ ես, տխմարացե՛լ,
էլ անպե՛տք եմ իբրև ես մարդ, գլխին իմ է՛լ խելք չմնաց,
Զարմանում եմ, զի՞ չսպանեց, թե՞ համբերել տվեց աստված։

757 Ես գիտեի արածը իմ, գործում էի գիտակցաբար.
Վիշտս մեծ է, որովհետև ես գիտեի—կբարկանար,
Բայց աստծու բարկությունից մարդ չի կարող իրան շեղի.
Մահդ բերկրա՛նք է ինձ համար, նեղությունս չէր անտեղի»։

758 Կտրիճն ասաց, «Ո՛չ, չի՛ կարող ոչ մի միջոց ինձ արգելել,—
Երբ որ վարդը թառամում է, էլ չի՛ ուզում սոխակն ապրել.
Պիտի ման գա վարդի համար, որ գեթ մի կաթ նա ցող ճարի,
Թե անկարող եղավ ճարել՝ առանց յարի ինչպե՞ս ապրի։

759 Առանց նրան նստել, պառկել—ոչ մի հանգիստ չեմ ունենա,
Լավ է գնալ ու թափառել, գազաններին ընկեր դառնալ.
Այս վիճակիս՝ ի՞նչ ափսոսամ, կհաշտվի գազանն անգամ.
Լավ է չապրի մարդս իսկի, քան թե ապրի անբավական։

760 Կրկնում եմ նոր ու նորեն՝ արքան որքան էլ բարկանա,
Թե ինչպես է սիրտս վառվում՝ գուցե խորհի ու իմանա,
Թե չարձակի—ես կփախչեմ, հույսս ինքս հենց որ կտրեմ
Թող իմ բաժին աշխարհն ինձ հետ ոչնչանա՝ եթե մեռնեմ»։

761 Զրույց արին, ապա վեզիրն իրեն պատշան մի ճաշ սարքեց,
Հյուրընկալեց ու գեղ նվեր գեղավորին նա նվիրեց,
Իսկ կտրիճը բաշխեց նվեր՝ ջահել-ծերին՝ ամեն մեկին։
Բաժանվեցին։ Կտրիճն ելավ ու տուն հասավ արևմտին։

762 Դեմքով՝ արև, նոճի-իրան — կապեց հարյուր հազար ոսկի.
Երեք հարյուր նուրբ բանվածքներ՝ բոլորն ատլաս ու դիպակի,
Եվ վաթսու՛ն հատ լալ ու հակինթ՝ բոլորն ընտիր և աննման.
Մա՛րդ ուղարկեց վեզիրի մոտ, այս ամենը նրան տարան։

763 Ապսպրեց. «Պարտքս շատ է, ամբողջն ինչպե՞ս ես վճարեմ..
Ես քո պարտքը հատուցելու արդյոք փոխանն ի՞նչ հնարեմ.
Թե որ ապրեմ՝ քեզ կզոհվեմ, գլուխս քեզ կանեմ ծառա,—
Սիրուդ սիրով հատուցանեմ, պարտ չթողնեմ հոգուս վրա»։