Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԶՐՈԻՅՑԸ ՇԵՐՄԱԴԻՆԻ ՀԵՏ

765 Եվ ասում է Շերմադինին արևերեսն՝ լույսով հորդի—
«Օրն է այսօր իմ հույսերի, ուրախության օ՛րն իմ սրտի,
Ու իմ հանդեպ քո օգնության և անձնազոհ քո լինելու»
Թող ընթերցող-լսողն իրոք մարթի նրանց գովքն ասելու։

766 Ասաց. «Արքան ինձ չարձակեց, լսել անգամ նա չի ուզում.
Նա չգիտե թե ո՞վ, ինչպե՞ս, և կամ ինչո՞վ է շունչ քաշում.
Ես չեմ ուզում տանն ու դրսում ապրել առանց Տարիելի.
Ե՞րբ է եղել, որ անարդա՛ր գործը մի օր աստված ների։

767 Չեմ ուրացել թեպետ նրան՝ հաստատ է այս ու անկասկած.
Լաց է լինում և հառաչում՝ սիրտս նրան դեռ չտեսած,
Բերկրանքներից խուսափելով՝ մռայլվում է, ախ է քաշում,
Ամեն ստոր ու դավաճան՝ աստված ատում՝ նոր են խաբում։

768 Երեք ձև կա բարեկամին բարի կամքը մեր ցույց տալու.
Նախ՝ իրարու մոտիկ լինել, չհանդուրժել մնալ հեռու,
Չխնայել, ապա ոչինչ, նվեր տալուց չձանձրանալ,
Երրորդ՝ ազդել, օգնել իրար, տափերն ընկնել իրար համար։

769 Խոսքս իզուր ի՞նչ երկարեմ, կարճելու է արդ ժամանակ.
Փախչելն է լոկ այժմ դարման սրտիս համար վշտահամակ,
Ինչ խնդրում եմ՝ լա՛վ ականջ դիր, քանի որ դեռ ինձ մոտ ես դու
Եվ խոստացիր, որ իմ պատվե՛րն անխա՜խտ ես դու կատարելու։