Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ՈԻՂԵՎՈՐՎԵԼԸ ՏԱՐԻԵԼԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԻՊԵԼՈԻ

821 Լուսինը լավ լույս է տալիս, երբ արևից հեռու է նա,
Չի մոտենում, արեգակի՝ շողից կայրվի, թե մոտենա։
Բայց արևից զրկված վարդը գունատվում է և չորանում,
Մեր սիրածին թե չենք տեսնում, մեր հին վիշտը նոր է դառնում։

822 Այժմ անեմ պատմությունը այն կտրիճի ճամփորդության,
Գնում է նա, լալիս է ջերմ, արցունքները չունեն վախճան,
Ամեն րոպե ետ է նայում, իր արևին հոգով ձգտում,
Փնտրում աչքով, աչք չի կտրում, իսկ թե կտրում՝ ուշքը հատում։

823 Երբ ուշք կորցնելն էր մոտենում, էլ չէր կարող շարժել լեզուն,
Դիլաջ գետի հոսանքի պես արտասուքն էր առատ հոսում,
Մերթ դառնում էր, նայում նա ետ, տառապանքը տանում անլուր —
Չէր հասկանում՝ ուր է գնում, սլանում է նժույգն այդ ո՞ւր։

824 «Իմ սիրելի, քեզնից հեռու չեմ ունենա հանգիստ,— ասաց,—
Սիրտս դեպի քեզ է դառնում՝ ուշքս ամբողջ քեզ մոտ մնաց,
Լացող աչքս քեզ է փնտրում և ձգտում է նայել քեզ նա.—
Լավ է տրվի սերին սիրողն, ինչքան որ նա կարողանա։

825 Ես ի՞նչ անեմ՝ տեսնեմ մինչ քեզ, ինչպե՞ս լինեմ խինդի ես մեջ,
Թե գիտենամ դու չես տխրի՝ կյանքին իրոք կտամ իմ վերջ,
Սակայն գիտեմ կվշտանաս, երբ քեզ հասնի գուժն իմ մահվան,
Ուրեմն ես պիտի ապրեմ ու արտասուք թափեմ միայն»։