Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

842 Ես երկնային ուխտ չեմ խախտի, ես չեմ լինի ուխտադրուժ,
Ու կսպասեմ մինչև պայման, լաց լինելու քանի կա ուժ.
Եթե մեռած գտնի նա ինձ՝ թաղի թող ինձ՝ սուգ ու կական,
Թե կենդանի՝ թող զարմանա, զի կյանքն ի՛նքն է պայմանական։

843 Եվ ինձ համար եղավ արդեն այդ օրվանից արևամուտ.
Այժմ՝ երբ ես ուզում եմ լալ՝ թրջում եմ ողջ դաշտեր ու խութ,
Տանջում է ինձ, խելագարիս, բազմապատիկ հառաչ ու լաց,
Մոռացել է մահը, ա՛խ, ինձ, տես բախտն ինձ հետ ինչ խաղ խաղաց։

844 Չինաստանում կա իրական՝ առած գրված քարի վրա.
«Ով չի փնտրում բարեկամին՝ նա թշնամի՛ն է ինքն իրա».
Քրքում է արդ՝ որի դիմաց ո՛չ մանիշակ, ո՛չ էլ վարդ կար,
Փնտրելու ես՝ գնա փնտրիր, արա՝ ինչ որ քեզ է հարմար»։

845 Կտրիճն ասաց. «Իրա՛վ ես դու, նախատեցի ես անարդար,
Բայց քեզ հայտնեմ թե ինչ արի—ես՝ այս գերիս՝ գերու համար.
Փախել եմ ես տանից այնպես՝ եղնիկն ինչպես — փնտրում է ջուր,
Նրան փնտրում, նրան հիշում, ման եմ գալիս ես ամենուր։

846 Ում լալի գույն մարգարիտին բյուրեղ-սադաֆ ելուզեցին —
Անմտերմիկ թողի նրան, չերջանկացա, չարի՝ կրկին,
Փախա թաքուն և աստուծո հավասարաց թողի դժգոհ,
Ի հատուցում շնորհների՝ վշտացրի նրանց հոգով։

847 Խնամատար տիրոջն իմ հետ, զորեղ աստծով ու գթառատ,—
Երկինք՝ ձյունող ողորմություն, սիրող՝ ինչպես հայր հարազատ,—
Դավաճանի պես վարվեցի, փախա ամեն ինչ մոռացած,
Ինձ՝ նրա դեմ մեղանչողիս՝ էլ ի՞նչ լավ բան կտա աստված։

848 Եվ նեղությունն իմ այս ամեն, քույր իմ, բախտով արի նրան,
Չխաբեցի, եկա ահա՝ գիշեր-ցերեկ բռնած ճամփան,
Իսկ նա, ում հու՛րն է ինձ այրում՝ գնացել է ով գիտե ուր.
Ահա նստել եմ անտեղի, արտասվաթոր, հոգնած, տխուր։

849 Քույր, ավելի երկար խոսել՝ ժամանակն ինձ թույլ չի տալիս,
Չեմ ափսոսում անցյալը ես — իմաստունի խոսքն է գալիս։
Ես կամ նրան պիտի գտնեմ, կամ վաղաժամ մահ որոնեմ,
Թե բախտը ինձ վճռել է այդ, ես աստծո դեմ ի՞նչ հանդգնեմ»։