1069
Լավ է կնոջից հեռու մնալ՝ թե կարո՜ղ է մարդ այդ անի.
Քեզ կշոյի, կընտելացնի, կվստահի՝ վստահեցնի,
Տեսար՝ հանկարծ դավաճանեց, կտրեց ինչ որ ինքն էր հյուսել,
Այս պատճառով՝ չի՜ կարելի ոչ մի գաղտնիք կնոջն ասել։
1070
եվ ցանկանալն Ավթանդիլին Ֆաթմանի սիրտն ամուր մտավ,
Սերն սկսեց արագ աճել, կրակի պես նրան կպավ։
Թեև ջանաց նա թաքցնել՝ տանջանքը բայց չեղավ թաքուն,
Ասում. «Ախ ի՞նչ, ես ի՞նչ անեմ»,— աչքից անձրև–արցունք թափում։
1071
«Ասեմ, գուցե՝ նա նեղանա, տեսնելն անգամ դառնա դժվար,
Իսկ թե չասեմ՝ ինչպե՞ս տանեմ, հուրս ավելի՛ բորբոք ու վառ.
Լավ է՝ ասեմ, թող որոշվի — կամ կմեռնեմ, կամ կմնամ։
Բժիշկն ինչպե՞ս պիտի բուժի, եթե ցավը չասեն նրան»։