Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԱԹՄԱՆԻ ՍԻՐԱՀԱՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԱՎԹԱՆԴԻԼԻՆ

1072 Մի սրտահույզ նամակ գրեց՝ Ավթանդիլին ուղարկելու,
Եվ տառապանք, և սերն իր ողջ այն կտրիճին բացահայտելու,
Մի գրություն, որ լսողի՝ սի՛րտ կշարժեր, կազդեր վրան,
Եվ գրություն՝ արժե՛ր պահել, ո՛չ պատռելու՝ սովորական։

1073 «Ով արեգակ, որին աստված կանխորոշեց արև ծնվել,
Որ քեզանից հեռավորին՝ վիշտ ես տալու, ո՛չ խինդ վայել,
Իսկ ով մոտ է՝ կրակ դու բորբ, որ քո հրով այրես նրան,
Քեզ նայելիս աստղերն անգամ որ հաճույք ու պարծանք զգան։

1074 Ով տեսնում է՝ սիրահարվում, քեզ համար է ուշից գնում,
Դու վարդ ես վառ, ինչո՞ւ վրադ՝ դու բլբուլներ չես հավաքում,
Ծաղիկն է քո լույսից թոշնում, և իմ ծաղիկն էլ կթոշնի.
Կայրվեմ իսպառ, թե արևիդ շողն օգնության ինձ չհասնի։

1075 Գիտե աստված՝ երկյուղվորած՝ ես քեզ սիրտս բաց եմ անում,
Բայց ի՞նչ անեմ սև օրս այլև, քանզի չունեմ էլ համբերում,
Իմ սիրտն արդեն չի դիմանում խայթոցներին քո սև թարթչի,
Թե ինձ կօգնես՝ օգնիր շուտով, թե չէ՝ ուշքս պիտի կորչի։

1076 Մինչ պատասխանն այս նամակի, գրես մինչև, ինձ ուղարկես,
Եվ իմանամ՝ ինձ սպանում, թե դու այլ կերպ կարձագանքես—
Որքան կուզե սիրտս ցավի, շունչս պահած կդիմանամ.
Բայց ե՞րբ արդյոք կորոշվի՝ պիտի ապրեմ, թե՞ մահանամ»։