Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշման միջոցին, զգում կամ արդեն իսկ նկատում է ստեղծագործության, այս դեպքում գիտական ստեղծագործության, տարրերը։ Գիտական ստեղծագործության մեջ դրսևորվում են անցած կյանքի նորմաներն ու առարկայական ձևերը, որոնք պատած են հետագա դարաշրջանների ստեղծագործ աշխատանքի շերտավորումներով։ Գրական մի կոթող՝ որքան էլ մեծ լինի նրա գեղարվեստական արժեքը, վերածվում է կուլտուրայի պատմության մի աղբյուրի, ուստի և նրան հատկացվում է տիրող կարծիքներից անկախ մի տեղ այլ կերտվածքների շարքում, նա օրգանապես կապակցվում է գրական այլ հուշարձանների հետ։ Գիտական լուսաբանությունից երկն, իհարկե, իր արժեքը չի կորցնում։ Նրա միջից ծագում ու ծավալվում է մինչև այդ անհայտ առատ մի լույս, որի ճառագայթների տակ թե՛ ցայտուն կերպով շողշողում է մարած հանրակարգը իր բուն էությամբ և թե՛ ինքը դիտողի համար դառնում է ավելի թափանցիկ, ավելի ընտանի, ավելի հասկանալի՝ շնորհիվ հայտնագործված, նրա կապի հասարակական մարած հոսանքների և նյութական կուլտուրայի գործադրությունից դուրս ընկած մնացորդների հետ, որոնք, սակայն, անհետ չեն կորչում։ Չնայած նրանց հնօրյա ծագման, լքված գաղափարներն ու ձևերը շարունակում են ծպտյալ կենսուժգնությամբ ապրել մինչև մեր օրերը, մեր իսկ կամ մեզ շրջապատող առարկայական միջավայրի մեջ։ Անհերքելի է բոլոր ժողովուրդների մարդկային գոյության կամ կուլտուրական կյանքի միասնությունը, որին չի կարող քակել ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը։ Եվ աշխարհիս ամենամեծ այդ կոթողի ստեղծագործական պայմանների մեջ թափանցելն է, որ կազմում է նպատակը գիտական ստեղծագործության, որի համար աշխարհահռչակ գեղարվեստական երկերն անգամ սոսկ շտեմարաններ են շինարարական նյութերի։

Տերյանին բնավ օտար չէր գիտական հարցասիրությունը կովկասյան շրջանակում, որ պարփակում է իր մեջ նաև նրա ազգի բախտն ու կյանքը։ Նրան հատուկ էր գիտական որոնումների նուրբ ըմբռնումը, նա փաստական բավականաչափ պատրաստականություն ուներ հայ-վրացական բանասիրությունից՝ գիտական ստեղծագործության այդ շրջանակում աշխատելու և խորանալու համար։ Նրան, քերթողին ըստ կոչման, բնականաբար հետաքրքրում էին սլատմագրականագիտական թեմաները և, սրանց հետ կապված՝ լեզվի և ոճի խնդիրները։ Ըստ ունեցածս տեղեկությունների Ռուսթավցի Շոթայի պոեմի թարգմանության վերաբերվող նրա թղթերի և հիշատակարանների մասին, ակներև կերպով պարզվում է նրա մեծածավալ և մանրակրկիտ աշխատանքը՝ պարզաբանելու համար այն ամենը, ինչ պիտի նպաստեր վրաց բանաստեղծի բնագրի ավելի ճիշտ ըմբռնումին։ Տերյանը հաղորդակից էր հումանիտար կովկասագիտության պետերբուրգյան դպրոցին։ Ճիշտ է, նա սիստեմատիկ կերպով չէր ունկնդրում այն բոլոր առարկաներին, որ մտնում էին արևելյան լեզուների