Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

264 Եվ Ավթանդիլն՝ ազատ գերին՝ ճեղքից դիտում էր անդադար․
Կինը փռեց գետնի վրա ինձի մորթուց մի գետնակալ.
Ու կտրիճը նստեց վրան՝ նորից գերի իր վշտերին․
Արյան արցունքն էր գբացել նրա սաթի թարթիչներին։

265 Կինն սկսեց քարանձավում կրակ վառել գայլախազով,
Ուզեց նրա՛ն կերակրել որսի համեղ խորովածով.
Մոտիկ եկավ, կտրեց մի քիչ՝ դժվարացավ ուտել սակայն,
Եվ բերանից հանեց իսկույն — ծամելու ուժ չուներ անգամ։

266 Նա ետ ընկավ, մի քիչ նիրհեց, բայց ոչ երկար ու խոր քնով,
Ցնցվեց հանկարծ, աղաղակեց ու վեր թռավ ինչպես գինով.
Գոռում էր ու կրծքին՝ քարեր, գլխին զարկում նա դագանակ,
Կինն իր երե՛սն էր ճանկռում՝ աչքը վրան, նստած մենակ։

267 «Ի՞նչ պատահեց,—արեց հարցում,—ինչո՞ւ շուտով դարձար, ասա»,
Կտրիճը թե. «Որսի ելած մի թագավոր դաշտում տեսա։
Նա զորք ուներ ծանր բեռոք, ու թիվ չկար նրա զորքին,
Որսի ելել ինքը դաշտում՝ չորս դին կարգել իր մարեքին.

268 Չէի ուզում տեսնել մարդիկ, ես ավելի տանջվեցի,
Չմոտեցա հանդիպելու՝ ինքս ես ինձ խնայեցի.
Քաշվեցի ետ շփոթվելով, անտառ մտա թաքնվելու,
Մտածեցի, թե «Ետ դառնամ, վաղը կգամ ես որսալու»։

269 Կնոջ աչքից արցունք հոսեց հարյուրաշիթ և անքանակ.
«Շրջում ես դու,— ասաց նրան,— գազանների՜ մեջ մեն մենակ,
Ոչ մի մարդու չես մոտենում, որ զբաղվես, զրույց անես,
Ինչո՞ւ օրդ անցնի այդպես, այդպես նրան ի՞նչ շահ կանես։

270 Երկրի երեսն ամբողջովին ման ես եկել դու անընդհատ,
Մի՞թե ամբողջ աշխարհի մեջ դու չգտար գոնե մի մարդ,
Հետդ նստեր՝ չվայրանաս, հուրը թեկուզ քո չէր շիջի,
Ինչ շնորհ է—դու մեռանես, իսկ նա իզուր, իզուր կորչի»։

271 Ասաց. «Քույր իմ, խոսքերը քո նմանում են քո իսկ սրտին,
Սակայն չկա աշխարհիս մեջ դեղ ու դարման իմ այս վշտին.
Ո՞վ կճարի այդպիսի մարդ, երբ չի եկել նա դեռ աշխարհ...
Ես կխնդամ, երբ մահս գա, հոգի-մարմին՝ թողնեն իրար։