Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

282 Ավթանդիլը պատասխանեց, խոսքերը՝ նուրբ ու դուրեկան.
«Ո՜վ Տարիել, դյուցազն, այռուծ, այսօր նազուկ դառած այսքան,
Արաբ եմ ես, պալատն է իմ՝ արաբների այն աշխարհում,
Ես տանջվում եմ սիրուս համար, սիրո անմար հո՛ւրն է կիզում։

283 Տարվել եմ ես սիրով ահա, սիրով տիրոջ իմ աղջկան,
Իրենց արքա՛ են ճանաչում հաղթաբազուկ ճորտեր նրան,
Տեսել ես դու ինձ մեկ անգամ՝ չես ճանաչում թեպետ հիմա,
Դու, հիշո՞ւմ ես, կոտորեցիր ծառաներին մեր անխնա։

284 Դաշտում տեսանք թափառական ու մոտենալ քեզ կամեցանք
Տերս քո դեմ շա՛տ վրդովվեց, մենք՝ մարտելու քո դեմ ելանք,
Քեզ ձայնեցինք՝ չեկար մեզ մոտ, ուղարկեցինք զորքեր քո դեմ,
Սակայն նրանց հորդ արյունով դու ներկեցիր դաշտերն արդեն։

285 Առանց թրի դու մտրակով շատ գլուխներ կտրատեցիր։
Արքան հեծավ—կորար աչքից ու հետք անգամ չթողեցիր.
Քաջքի նման դու չքացար, ճորտերը մեր շփոթվեցին,
Կախարդեցիր մեզ առավել, վրդովեցիր դու մեր հոգին։

286 Տրտում եղավ, դուք էլ գիտեք՝ կամահաճ է արքա ամեն,
Քեզ փնտրեցին, որոնեցին, հրամաններ տվեց՝ տանեն,
Բայց քեզ տեսնող մարդ չգտան ոչ պատանի, ոչ էլ իսկ ծեր.
Արդ ինձ հղեց նա՛, որի հետ՝ չեն գա արև և ոչ եթեր։

287 Հրամայեց. «Գնա պարզիր կյանքը կորած այն արևի.
Ու փափագած իղձդ այնժամ ինձնով իրոք կկատարվի»։
Երեք տարի առանց իրեն, ասաց, մնամ միլ արցունքով.—
Չես զարմանում ինչպես տարա, ժպտին նրա ես կարոտով։

288 Մինչև հիմա քեզ հանդիպող գոնե մեկին չէի տեսել.
Թուրքեր տեսա, որոնք ինչ որ անտեղ խոսքեր էին ասել,
Զարկել էիր քո մտրակով, դու մահամերձ արել մեկին,
Զարկել էիր դու ում եղբոր—հետքդ նրա՛նք խրատեցին»։

289 Տարիե՛լը նույնպես հիշեց մարտը իրենց այն անգամվա,
Ասաց. «Այո՛, հիշում եմ ես, թեև դե՛պք է դա վաղօրյա.
Որս անելիս տեսա ինչ որ քե՛զ ու ես քո թագավորին.
Լալիս էի խեղճս այնու՝ միտս էր եկել իմ անձկալին։