Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

290 Ինչո՞ւ համար էի ձեզ պետք, ի՞նչ ընդհանուր կար մեր միջում,
Զվարճանո՛ւմ էիք դուք պերճ, ես՝ արցունքով այտս թրջում։
Երբ ճորտերին ձեր ղրկեցիք ու սիրտ արիք—ինձ պաշարեն,
Եվ վճռեցի, թե կտանեք՝ դուք դիակներ իմ փոխարեն։

291 Ետ նայեցի․ և երբ տեսա՝ ինձ է հասնում տերդ արդեն.—
Արքա՛ էր նա, խնայեցի, չշարժվեցի ես նրա դեմ.
Հենց ձեր աչքի աոաջ փախա, չհղացա այլ բան անել,
Անտեսի է նման իմ ձին—ոչինչ ուրիշ չեմ անվանել։

292 Մինչ կկոցի աչքը մեկն իր, մինչ թարթիչներն իրար հարեն —
Կանհետանամ ես նրանից, ուր ինձ տհաճ ես համարեմ.
Իմ դեմ փորձի՝ ոք չի եղել, այն թուրքերից երեք բացի,—
Տխուր զարդեց հանդգնանալ, և ես՝ նրանց վճարեցի։

293 Այժմ բարո՛վ ես դու եկել, տեսքդ ես շա՛տ հավանեցի.
Կազմով՝ նոճի, դեմքով՝ արև, խիզախ՝ նման դու հերոսի․
Բայց և անչա՛փ նեղվել ես դու և վշտերից չես խուսափել,
Շա՜տ է դժվար գտնել մարդուն, որին երկի՛նքն է խարխափել»։

294 Պատասխանեց. «Գովո՞ւմ ես ինձ—դու՝ գովարժանդ իմաստունի,
Ի՞նչ եմ արել ես փոխարեն՝ գովեստներին քո արժանի,
Դու—արևի մի կերպարան, լուսող վերաց դու երկնքի,
Որին փոխել՝ ուժ չունեցավ արցունքն երկար տառապանքի։

295 Ով սև դրեց սրտիս վրա—ես մոռացա այսօր նրան,
Թողի ամեն ծառայություն — ինչ դու կամես՝ լինի թող այն,
Թեպետ հակինթն է գերազանց՝ հազարպատիկ կուզեմ մինա,
Չէի ուզի ավել ոչինչ—քեզ հե՛տ լինել ինձ մինչ ի մահ»։

296 Տարիելը ասաց նրան. «Քո սի՛րտն արդ ինձ ջերմ շունչ տվեց,
Զարմանում եմ, թե փոխարեն՝ քեզ իմ ի՞նչը պարտավորեց.
Կարգ է, սակայն՝ սիրահարին միշտ սիրահա՛րն է կարեկցում,
Բայց անջատեմ քեզ սիրածից—ինչո՞վ գտնեմ ես հատուցում։

297 Եկել ես ինձ որոնելու՝ քո պատրոնին ծառայելով,
Աստված արեց՝ և ինձ գտար՝ ինքդ էլ արի՛ մարտնչելով,
Ով կպատմի իմը սակայն,— հեռու յարից՝ ինչո՞ւ և ո՞ւր,—
Թե ես պատմեմ՝ հուրն ինձ կայրի, կդարձնի ինձ բոց ու մուր»։