Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

362 Փորձում էի, բայց վշտերից ազատվելու չկար հնար,
Հիշում էի նորեն նրան՝ ու կիզում էր հուրը ինձ հար.
Կանչել տվի ընկերներիս, մեկ նստեցինք — հալվես նոցուն,
Պատիժ ու ցավ մոռանալու՝ ես կեր ու խում արի լեցուն։

363 Ու գանձապետն իմ անձնական շշնջումով թաքուն ասաց.
«Կին է ինչ որ ձեզ հարցնում, ձեզ տեսնելու համար եկած
Դեմքը ծածկուն է չադրայով, իմաստնոց է գովեստարժան»։
«Ինքս եմ,— ասի,— նրան կանչել, առաջնորդիր դու ննջարան»։

364 Ես վեր կացա, տեսա արդեն՝ ցրվել կուզեն հյուրերս այնժամ.
«Ի պիտոյից,— ասի նրանց,— մի՛ վեր կենաք, շուտ կդառնամ» —
Եվ դիմեցի ես ննջարան, ճորտը՝ պահակ իմ դռան քով,
Աշխատեցի զուսպ ինձ պահել, նայել կնոջն ակնածանքով։

365 Ես ներս մտա, կինը իսկույն՝ դիմավորեց, գլուխ տվեց,
«Օրհնյալ լինի,— ասաց,— ով գա՛լ ձեզ մոտ այստեղ ինձ պարգևեց»։
Ես զարմացա, ո՞ր սիրողը այսքան հարգանք ցույց կհանի.
Ասի՝ սիրո՛ւն ոչ է ծանոթ, իսկ թե լիներ — այդ չէր անի։

366 Ես նստեցի թախտի վրա, իսկ նա գորգի ծայրին կանգնեց,
Ինձ մոտ նստել, կինը սակայն, անձն իր արժան չհամարեց,
Ասի. «Ինչո՞ւ հեռուլ կեցար, սերս է եթե քեզ աստ բերել»,
Բայց չտվեց ինձ պատասխան, կարկամում էր ինձ հետ խոսել։

367 Ասաց. «Այսօր ամոթահար, սիրտս այրող կրակ ընկավ,
Քեզ մոտ գալու այսօրվա ի՛մ պատճառը դու գիտես հարկավ,
Սակայն ունեմ ես հույս հիմա, որ կպահես գալս գաղտնի.
Աստծու շնորհն է ինձ պակաս, հազիվ գալուս ես արժանի»։

368 Ելավ, ասաց. «Ձեզնից քաշվողն՝ հղեց, որ իր մասին խոսեմ.
Մի կասկածիր, ինչ տիրուհի՛ս հրամայեց, ես այն կասեմ.
Մի այսպիսի մեծ հանդգնում սրտին նրա դուր է եկել։
Թող նամա՜կը ձեզ այս պատմի, թե ով է ինձ տվել պատվեր»։