Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


6 Եվ արդ լեզու կուզեմ ասուն, սիրտ կուզեմ ու արվեստ ճարտար,
Տեր, ուժ տուր ինձ և օգնություն՝ զի քեզնով է միտք ու հանճար,
Կօգնենք այնու Տարիելին, հիշատակով բար ու բարի,
Նրանց՝ երեք հերոս լուսո՝ ծառա իրար ու հոժարի։

7 Արի նստենք, հեղենք արցունք ի Տարիել արտասվաթոր
Ո՞ր հողածինն է տառապել, նրա նման իր ծնունդով,
Հանգերգեցի Ռուսթվելիս ես՝ ի սեր նրա գեղարդահար,
Ինչ զրույց էր մինչ արդ ասված—դարձավ հիմա մարգարտի շար։

8 Ռուսթվելիս ես՝ տերը տեղիս, բան պիտ ասեմ նրան պատշաճ,
Հնազանդ է ում գունդ զորաց—ես խենթ ի նա, ի նա մեռած,
Ես ուժասպառ—սիրահարաց՝ չկա ուսկից էլ ամոքում,
Կամ բժշկում թող տա նա ինձ և կամ տապան տա ինձ հողում։

                                      ***
9 Ու պատմությունն այս պարսկական, որ մեկնյալ էր վրաց լեզվի
Եվ աննման մարգարտի պես—կաքավել էր ձեռքե ձեռքի—
Գտա, երգի վերածեցի, գործ արարի ես գովարժան,
Խենթացնողիս թողի դատին, հպարտ ու վես կամին ինքյան։

10 Ով կուրացավ նրա փայլից, նորից տեսնել է երազում.
Սիրտս ահա, սիրով տարված, դաշտերն ընկել—դաշտ է վազում.
Մարմինս շատ է տաոապել, աղոթեցեք՝ խինդ տա հոգուս,
Զի ներբողյան երիս երանգ—ողջ երգով է առել ի ուս։

11 Ինչ որ տվեց բախտը մեկին — թող ընդունի ու միշտ կրկնի.
«Մշակը միշտ աշխատասեր, զինվորը քաջ կռվող լինի,
Սիրահարը տարվի սիրով, թող սիրո մեջ նա փորձվի,
Ոչ պարսավի տեղիք նա տա, ոչ ուրիշին նա պարսավի»։

12 Բանաստեղծելն նախուստ ի վեր իմաստության բաժինն է մի,
Աստվածային, աստվածհաճո և լսողաց՝ օգուտ բազմի,
Հաճո նաև երկրի վրա՝ թե պիտանի մարդն է լսում,—
Երգը լավ է ու շահեկան, զի խոսքն երկար կարճ է ասվում։