Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

469 Որոշել եմ ես առանց քեզ, բայց դու նույնպես եղիր գիտակ,
Որովհետև դստերն ենք մեր նշանակել թագաժառանգ,
Տեսնի պիտի թե որ մեկին՝ թող արդ տեսնի, ահա հալվեն,
Առ քո կողքին ու սրահում՝ դարձիս եղեք պատրաստ նորեն»։

470 Ու որս արինք դաշտում որսի, փեշերի մոտ սարի, լեռան,
Որսաշներ մեզ հետ բազում, բազե, ուրուր կային այնքա՜ն,
Մենք վաղ դարձանք, էլ հեռավոր որսավայրեր չայցելեցինք,
Ոչ խաղացինք մենք գնդախաղ, ոչ այլ խաղով զբաղվեցինք։

471 Ինձ դիտողներ էին լցվել քաղաքն ամբողջ, տանիք, շուկան.
Ինձ՝ հաղթողիս՝ սազ էր գալիս ժանյակազարդ շքեղ կաբան.
Գունատս շատ սիրուն էի վարդի նման արտասվացող,
Ինձ տեսնողի ուշքն էր գնում—իրավ է այս և ոչ ստող։

472 Ճարել էի ինչ խավուններ Չին-Մաչինի ես քաղաքում,
Կապել էի, սազում էր ինձ, նայողի սի՛րտն էր հիանում.
Արքան ցատկեց, պալատ մտանք սնուցողիս հետ միասին.
Եվ ցնցվեցի—տեսա շողշող իմ արևին՝ փայլն երեսին։

473 Արևաշողս ուներ հագին նարնջագույն շքեղ ջուբան
Ու խադումներ իր թիկունքին՝ կանգնած դաս-դաս, շար ու շարան։
Լցրել էր ողջ լույսով իրա՝ թե տուն, փողոց և թե պալատ,
Ու շողում էր վարդի միջից մարգարիտն ա՛նդ մարջանապատ։

474 Պատերազմում վիրավորված ձեռքս կապել էի վզից.
Ինձ թագուհին դիմավորեց բարձրանալով իրեն գահից.
Ինչպես որդու ինձ համբուրեց՝ ու վարդ այտս կապտեց վետ-վետ,
Ասաց. «Ոսոխն, այսուհետև, չե՛մ կարծում թե մրցի քեզ հետ»։

475 Եվ տեղ արին իրենց մոտիկ, այնտեղ, ուր շատ ինձ դուր կգար,
Իսկ դեմուդեմ՝ արեգն իմ այն, սիրտս էր մարում որի համար։
Չէինք խոսում մենք իրար հետ, սակայն՝ իրար նայում թաքուն,
Կտրում էի թե որ աչքս՝ կյա՛նքն էր ինձնից իմ հեռանում։

476 Եվ սկսվեց նոր կեր ու խում, ինչպես կարի էր իսկ նրանց,—
Ուրախություն այլ այսպիսի աչքը մարդու չի էլ տեսած,
Ջամն ու գավաթ ամբողջ էին փիրուզներից, նաև՝ լալից.
Արքան ասաց՝ բաց չթողնեն գինովներին իսկ արբալից։