Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

477 Տարված էի ես էլ այնտեղ ուրախությամբ անչափ-անհուն,
Հենց որ իրար էինք նայում—սրտիս կրակն էր մեղմանամ,
Խնդրում էի իմ խենթ սրտին՝ մարդուց իրեն հեռու պահել,
Ի՞նչ ավելի կա հաճելի, քան սիրածի աչքին նայել...

478 «Լռեք»,— ասին երգիչներին։ Ընդհատեցին գլուխն ի կախ։
Ասին. «Որդի, դու Տարիել, ինչպես ասել, շատ ենք ուրախ.
Երանության տեր ենք հիմա, ոսոխները՝ արդեն պարտուն,
Տեսնողնե՛րդ իրավ են քո, հարկավ իզուր չեն հպարտում։

479 Այլ հանդերձի ես արժանի՝ քո շրջումով հերոսի պես,
Բայց չենք զրկի այդ կաբայից, նա շատ ու շատ սազում է քեզ.
Քեզ՝ շքեղիդ, լուսավորիդ, քեզ գանձանակ ահա հարյուր
Մի ամաչիր, ինքդ ընտրիր, ինչ հավանես՝ կարել այն տուր։

480 Տվին հարյուր հատ բանալի՝ բանամ հարյուր գանձանակներ,
Գլուխ տվի և օրհնեցի շրջումը այս երջանկաբեր,
Ոտքի ելան, համբուրեցին, իրենք՝ արև արևների,
Իսկ թե զորքին ինչ բաշխեցին՝ ո՞վ կհաշվի, կհամարի։

481 Նորից նստեց ուրախառիթ, է՛լ կերուխում, է՛լ երգ անհոգ,—
Նորից տևեց խնճույքն երկար, չանգ ու տավիղ հնչեց նորոգ,
Իսկ թագուհին գնաց արդեն, օրը հենց որ իրիկնացավ,
Մեր քեֆին էլ քեֆ չէր հասնի, մինչև քնի ժամը հասավ

482 Ու վեր կացանք մենք ծանրացած՝ հույժ գավաթներ դատարկելուց,
Եվ ննջարան երբ իմ հասա՝ շշմել էի շատ խմելուց.
Ուժ չունեի գերիս սիրո, հուրը սրտիս չէր մեղմանում,
Միտս էր ընկնում և հիշելիս՝ ուշքս նորից զվարթանում։