Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

523 Աչքիս դիպավ մուսաֆը բաց, դրված էր մոտ իր սնարի,
Ելա, առա, նախ աստուծո, ապա նրա ներբողն արի.
Ասի. «Արև, թե կիզել եմ, արփիդ ով իմ, դու ինձ կիզիր,
Չես սպանել քանի դեռ ինձ՝ պատասխանս գոնե լսիր։

524 Ինչ հանդգնե՛մ՝ պատմածիս մեջ թե կեղծ, պատիր լինի մի բան,—
Երկի՛նքը ինձ պատուհասի, օրվա լույսի՛ն կարոտ մնամ,
Թե արժանի կանես լսել, կասեմ՝ վատ բան չեմ արել ես»,
Շարժեց գլխով, հրամայեց. «Պատմիր ճշտիվ ինչ որ գիտես»։

525 Ես կրկնեցի. «Արև, եթե երդումս ես լինեմ խախտած՝
Թող ինձ երկնից անմիջապես իր ցասումով շանթե աստված,
Ես ո՞ւմ երեսն արևացնեմ, առանց քեզ ո՞ւմ հալվեացնեմ
Այնժամ ապա ինչպե՞ս կեցցեմ, թե՞ տեգով իմ սիրտը խոցեմ։

526 Ինձ կանչեցին արքայք պալատ, արին խոշոր խորհրդածում,
Բայց նախապես վճռել էին՝ կտրիճը այն՝ քո փեսացուն
Իսկ խանգարել չէի կարող, կթվայի նրանց ես բիրտ.
Ինքս ինձ ասի. «Համաձայնի՛ր, սիրտդ առժամ պահիր դու պինդ»։

527 Կարո՞ղ էի արգելք լինել, չէր կռահում երբ ինքն արքան,
Չգիտեր, որ չի մնացել Հնդկաց աշխարհն անտիրական.
Տիրույթ է այն Տարիելի, էլ իրավունք ոչ ոք չունի,
Ո՞ւմ կբերի՝ ես չգիտեմ, կամ ո՞ւմ մարքն է այդ գողունի։

528 Ասի. «Սույնով չեմ շահելու, պետք էր գտնել ուրիշ հնար».
Ասում էի. «Միտք իմ դու քեզ՝ հազար տեսակ հոգսի մի տար»,
Սիրտս դարձել էր վայրենի, հազար թեկուզ սարեր ընկնեմ,
Ո՞ւմ կզիջեմ գլուխը քո, ես առանց քեզ մի՞թե կապրեմ։

529 Հոգիս տվի սրտիդ համար, քո ապարանք եկա այցի»,
Եվ՝ մեղմացավ անձրևը հորդ՝ որից վարդը էլ չի սարսի,
Տեսա՝ մարջան շուրթերի մեջ մարգարիտը մեղմիկ խաղաց,
Ինձ թե՝ «Ինչո՞ւ ինձ ինչ ասին՝ ամենայնի ստույգ թվաց։

530 Չեմ հավատա՝ դավաճանես, կեղծավորես մի օր դու ինձ,
Կամ ուրանաս դու աստծուն, կամ չլինես գոհ նրանից։
Խնդրիր, ահա, անձը դու իմ ու տիրություն Հնդկաստանի
Արքայանանք արդ ես ու դու, այս է բարին ամենայնի»։