Jump to content

Էջ:The Ugly Duckling (Անճոռնի բադիկը).pdf/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որը կծում էր խեղճին, որը կտցահարում, որը չանգռում. ամենքն էլ իրանց չարութիւնը նրա վրայ էին թափում։ «Այսպէս զռփի ճուտ կը լինի՜. սա որ տարիքն առնի՝ մեզ ամենիս կուտի», ասում էին ամենքը։ Իսկ Կալկաթայի որձակը (հնդուհաւ) որ ահագին խթաններ ունէր ոտների վրայ և սրա համար ինքն իրան սուլթան էր համարում՝ սկսեց ուռչիլ ինչպես մի փչած ռումբի, և ձայնի բոլոր ուժովը որոտաց՝ «կրա՜-կըլի-կլու-կլօ՜», որով ուզեց ասել՝ այս հրէշը ո՞րտեղից է լոյս ընկել։

Այսպէս անցաւ առաջին օրը, իսկ միւս օրն աւելի վատ եղաւ նրա համար։ Ամենքն էլ սկսեցին հալածել խեղճ բադիկին, իսկ քոյրերն անգամ բարկանում էին վրան և անիծում, ասելով.

—Կատվի ճանկն ընկնես դու, հրէշ, քեզ պէս եղբայր չունենանք...

Մայրը չը կարողանալով նրան պաշտխանել ամենի յարձակմունքից, ինքն էլ սկսեց յարձակուիլ վրայ՝ ասելով «Հեռացիր մեզնից, գնա մի թաքուն տեղ մտիր, որ քեզ չը տեսնեն»։ Բադերը շարունակում էին կծոտել. հաւերը ծեծում էին, թռչունների համար կուտ բերող աղջիկն էլ չէր հաւանում նրան և ամեն