—Ես կը մօտենամ դրանց, մտածեց բադիկը, կը մօտենամ այդ արքայական թռչուններին։ Եւ դրանք կը սպանեն ինձ այդ յանդգնութեանս համար, որ իմ հրէշ տեղովս համարձակել եմ մօտենալ իրանց։ Է՜հ, մի և նոյն է, ինչ կուզի՝ թող լինի։ Աւելի լաւ է, որ կարապներն սպանեն ինձ, քան թէ բադերը կտցահարեն, հաւերը ծեծեն և թռչնապահները վռնտեն, ձմեռն էլ զրկուել ամեն բանից և ջրումը սառչիլ։
Եւ բադիկը բոլոր ուժը հաւաքելով՝ ընկաւ ջրի վրայ և լողալով դիմաւորեց նրանց։ Կարապները նկատեցին բադիկին և շեշտակի նետուեցան դէպի նա։
—Սպանեցէ՛ք, սպանեցէ՛ք ինձ, շըշնջաց բադիկը և գլուխը քաշ գցած՝ սպասեց իր մահին։ Բայց փոխանակ մահուան նա ի՜նչ տեսաւ այդ ժամանակ։ Ջրի վճիտ և անապակ հայլու մէջ նա տեսաւ ինքն իրան. տեսաւ որ ինքը մի անճոռնի և զզուելի բադիկ չէ, այլ մի հրաշագեղ կարապ, բոլորովին նման իր մօտը եղած կարապներին...
Բադերի մէջ ծնուելը մի դժբախտություն չէ, եթէ մինչև ծնուելըդ պառկած ես եղել կարապի ձուի մէջ...