Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

§§ 32-33. Ի՞նչ է կուլտուրան։ Եվ կարո՞ղ է արդյոք նախնադարյան կուլտուրան, թեկուզ և իր սաղմնավորման մոմենտներում լինել գազանային։ Արդյո՞ք գազանային նախնադարությունը և կուլտուրան չեն բացառում միմյանց, ինչպես գազանային և մարդկային կյանքը: Սրանք հարցեր են, որոնց պարզ պատասխան չտալով՝ մենք ոչ մի քայլ չենք կարող անել լեզվի, մարդկության առաջին լեզվի՝ կինետիկ լեզվի աղբյուրները պարզելու գործում։ Հնչյունային լեզվի վերաբերյալ մեզ արդեն հայտնի է, որ այն ծագել է՝ աշխատանքային պրոցեսի ուժեղացման և նրա ձևերի կատարելագործման հետևանքով, հնչյունային լեզուն ծագել է այն բանից հետո, երբ մարդը հնարել է արտադրության արհեստական գործիք և լայն չափով օգտագործել է այդ գյուտի ըձեռած բոլոր օգուտները։

Համաեվրոպական ‘կուլտուրա’ տերմինը ծագում է լատիներեն col-o բայից, որն ունի երկու՝ թվում է թե միմյանցից անկախ իմաստ՝ ‘հող մշակել’ և ‘պաշտել’, իսկապես ասած՝ ‘պաշտել աստծուն’ (Ցիցերոն), և այդ պատճառով մեկ կողմից Ցիցերոնը cultus տերմինը գործ է ածում ‘աստվածապաշտության’, ‘ժամասացության’ իմաստով՝ երբ առկա է նրա կարծես թե հիմնական կամ սկզբնական նշանակությունը՝ ‘հերկումը’, ‘մշակումը’, ‘հողի մշակումը’, ‘հողագործությունը’, մյուս կողմից —col-o բայի բնորոշ իմաստների շարքում կա (օրինակ Օվիդիոս բանաստեղծի մոտ) և ‘տոնել’, ‘հաղթանակել’ իմաստը։

Այս տերմինի հարցում,— մի տերմին, որ Եվրոպայի պատմության նորագույն էպոխաներում ստացել է այժմ նրա հետ կապվող սովորական իմաստը, նրա հնէաբանությանը հետևելով՝ մենք կանգնում ենք հետևաբար այդ նույն, մինչև օրս էլ թվում էր թե դժվար լուծելի, խնդրի առաջ՝ — ի՞նչն է մարդու գիտակցության մեջ ավելի հին՝ ‘ձեռքը’, թե ‘երկինքը’, resp. ‘աստված’։

Ոչ թե իրականության մեջ, այլ մարդու աշխարհայացքի մեջ ի՞նչ ժամանակագրական տեղ է գրավում ‘ձեռք’ը՝ համեմատած ‘երկնքի’, resp. աստծու հետ: Հարցը դրվում է այսպես: Այդպես էինք դնում հարցը և մենք՝ ի խախտում մուտացիո-էվոլուցիոն սիստեմի հիմնական դրույթի ըստ հաբեթական տեսության, հատկապես այն էվոլուցիայի, որ տեղի է ունենում դիալեկտիկ պրոցեսում, որի ժամանակ պարզ երևույթներին, ինչպես նաև պարզերից բաղադրվածներին նախորդում են դիֆուզ երևույթներ։