Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեճի ենթակա չէ, որ եթե միևնույն տերմինի իմաստների մեջ հողագործությունը հյուսվում է աստվածպաշտության կամ աստծուն պաշտոն մատուցելու հետ, ապա դեռևս հիմք չկա հակադրելու մի երևույթը՝ հողագործությունը, մյուսին՝ աստվածպաշտությանը, քանի որ ինքը հողի մշակությունը, հողագործական գործի բոլոր մասերը պաշտամունքային առարկաներ են մարդկության մտածողության մեջ՝ նրա զարգացման սկզբնական ստադիայում:

Բայց այստեղ կա և մեկ ուրիշ հանգամանք, որ բացատրվում է լեզվի հնէաբանությամբ և այդ չափով նպաստում է ավելի ճիշտ լուսաբանելու ձեռքի վեճը ընդդեմ երկնքի, այսինքն՝ ժամանակագրական առաջնության հարցը։ Հարկավ վեճի ենթակա չէ, որ ձեռքն իր աշխատանքով նախորդել է աստծու, նրա ամենասկզբնական կերպարի պատկերացման ծագմանը մարդու մտածողության մեջ, բայց երևույթի փաստական կամ նյութական առաջնությունը չի վճռում նրա հասարակական գիտակցման առաջնությունը, որը սակայն, վճռական հանգամանք է լեզվական կարգի երևույթների ժամանակագրական հետևողականության հարցում։ Տգիտության մեջ գտնվող մարդկությունը, մարդկությունը, որ գտնվում էր տակավին նրան անհայտ բնության ուժերի իշխանության ներքո և կառավարվում էր նրանց կողմից, այլ ոչ թե կառավարում էր նրանց, ընդունակ չէր այնպես գնահատելու բանող ձեռքի նշանակությունը, ինչպես այդ անում ենք մենք հիմա, ընդունակ չէր գիտակցելու, որ ‘ձեռքը’ — մեր ամբողջ կուլտուրայի ստեղծողն էր և ‘ձեռքի’ միջոցով է մարդը, մարդկությունը նրա արարիչը, և ուրիշ ոչ ոք, ուրիշ ոչինչ։

Եվ գիտակցումը ստեղծվում էր ոչ թե բնապատմականորեն ֆիզիկական միջավայրում առարկայի գտնվելու լոկ փաստով, այլ իր մտածողությունը և նրա տեխնիկական միջոցները,− որոնք առնվում էին ոչ թե բնությունից, այլ արտադրությունից,− մշակելու պրոցեսում։ Այդ իսկ պատճառով, օրինակ, ‘ծնել’ բայի հիմքի մեջ հնէաբանությունը բացահայտում է ոչ թե իրերի բնույթի հաղորդումը, այլ երևույթի ֆունկցիան և այդ չափով արտադրության տերմինների, ‘ձեռք’ բառի և նրանից ծագեցրած ‘անել’, ‘արտադրել’, ‘ձեռք բերել’ և այլն բայերի նստվածքը։ Ինքը nātūra բառը, որ լատիներեն բառ է, իր արմատով և հնատիպար նշանակությամբ բնավ չի նշում բնականորեն, ինքնաբերաբար տեղի ունեցած ծագում, այլ շինվածություն կամ ստեղծվածություն,−