Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյութապես միատեղ են նրանց առաջին ծագման մոմենտից, ապա նույն բանը չի կարելի ասել այդ նույն տարրերի մասին բառերի դերում, միևնույն տարրով նշվող հասկացությունների շրջանակի մասին. այդ արդեն նախասկզբնական երևույթ չէ, այլ խաչավորման արդյունք, նոր կամ այլ սոցիալական խմբավորման կողմից իրենից առաջ սոցիալական խմբավորման ստեղծած հնչական լեզվի նվաճումներին հաղորդակցվելու արդյունք։

Սակայն սոցիալական և տերիտորիալ զանազան խմբավորումների լեզվական գոյացումների տարբերվելը մինչև խաչավորումն էլ ուներ կոնստրուկտիվ բնույթի ինչ-որ չափազանց էական ընդհանուր բան, բացի այն չորս տարրերից, որոնք հաշվի են առնվում միայն նյութականորեն։ Այդ էական ընդհանուր բանը տարրերի հնչական կոմպլեքսների օգտագործումն է այս կամ այն պատկերացումները կամ գաղափարները նրանց այն կապակցության մեջ արտահայտելու համար, որ սահմանված էր պատկերավոր մտածողության ունակություններով, որոնք կախված էին երկար դարաշրջաններ մինչ այդ գերիշխած կինետիկ (գծային կամ ձեռնային) լեզվից:

Երբ մենք խոսում ենք հնչյունով, չորս տարրերից յուրաքանչյուրով ազդանշվող առարկաների շրջանակն ընդարձակելու մասին, ապա ամենից առաջ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին առարկաներին, այլ առարկաների զանազան կատեգորիաներին։ Սակայն այստեղ առարկաների զանազան շրջանակների միջև սահման անցկացնելը հեշտ բան չէ: Հնչական անուն ստացած առաջին շրջանակի առարկաները դավանանքային են, իսկ տնտեսական առարկաները, օրինակ հողագործական արտադրության գործիքները, ինքը հացը, վարելու պրոցեսը և այլն չէ՞ որ նույնպես դավանանքային կարգի առարկաներ ու երևույթներ են։

Տարրերի, հնչական կոմպլեքսների, իբրև բառերի օգտագործման շրջանակի ընդարձակման աստիճանականությունը, այսինքն հնչական բառերով նշվող պատկերացումների ու հասկացությունների շրջանակի մեջ ներգրավող առարկաների հետզհետե ավելացումը դժվարություն էր ներկայացնում ոչ միայն աճման, այլև այն դիրքերի համար պայքարելու տեսակետից, որ արդեն ամրապես գրավել է կինետիկ լեզուն իր տիրապետության երկար դարաշրջանների ընթացքում։