որ ուղղակի առնչություն ունեն երկրամասի ազգաբնակչության հետ, այն է՝ Լեռնական մանկավարժական ինստիտուտ, Ազգագրական-լեզվաբանական ընկերություն, Ինգուշական գավառագիտական գիտա-հետազոտական ինստիտուտ, Ինգուշական գրական ընկերություն, Ինգուշական գավառագիտական թանգարան, Օսական գավառագիտական ինստիտուտ, Օսական գավառագիտական թանգարան։ Գործում են նաև մի շարք հրատարակություններ, որ դրսևորում են նրանց արտադրանքը, էլ չենք խոսում ազգային լեզուներով եղած մամուլի մասին։
Բայց չէ՞ որ առաջ էլ զբաղվում էին։ Եվ այն էլ ինչպիսի անձնվիրությամբ։ Ի՜նչ վիթխարի ժառանգություն է թողնված Կովկասի նույնիսկ այս մասնիկի, մեր Միության մինիատյուր կտրվածքի մի քանի լեզուների վերաբերյալ, պատիվ է տրված օսական լեզվին։
Կրկնում եմ՝ հարցը այն չէ, որ զբաղվել են — երբ բացառիկ դեպքերում այնուամենայնիվ զբաղվել են, — այլ թե ինչպես են զբաղվել։ Նրանցով զբաղվել են այնպես, ի միջի այլոց՝ այնչափով, որչափով իրենց ժամանակի համար իսկապես և լուրջ կերպով զբաղվել են երկու, երեք լեզվական աշխարհներով, բայց այդ աշխարհների մեջ էլ ուսումնասիրության առարկան ոչ թե ողջ լեզուն էր իր բարդ ամբողջության մեջ, այլ նեղ շերտերը, որ համարվում էին ծագումով իբր թե միատարր ամբողջ մասսիվի լեզուն։
Մենք այս նշանակալից երևույթի մասին խոսում ենք միանգամայն ակադեմիաբար, առանց մատնացույց անելու հետազոտական գործի այսպիսի «մաքուր գիտական» դրվածքի արդեն բացված պատճառներն ու արմատները։ Ստեղծվել էր այն կատաստրոֆիկ դրությունը, որ լեզվի իսկական ակադեմիկ տեսական հետազոտությունը պարփակվում էր արատավոր շրջանի մեջ, մի շարք արատավոր շրջանների մեջ, առանց հնարավորություն ունենալու նրանցից դուրս ցատկելու թարմ օդը. այդ հեղձուցիչ մթնոլորտով շրջանները օդափոխվում էին օդանցքներով, ուր եվրոպական կլասիկ լեզուների և նրանց դասակարգայնորեն — ցեղակից լեզուների միջավայրը հազիվ թույլ էին տալիս թափանցելու, իբրև լիարժեք, նույնպես ոչ առանց պայքարի, ոչ թե կենդանի լեզվի թարմացնող զեփյուռին, այլ Փոքր Ասիայի և Միջագետքի էլ ավելի հին և հնագույն գրավոր պահպանված մեռած լեզուների նեխված շնչին։