Ամբողջ աշխարհը լեզվի վերաբերմամբ տրոհվել էր փակ աշխարհիկների, և ահա, երբ Հոկտեմբերը պայթեցրեց այդ աշխարհներն ու աշխարհիկները, ոստայնի պես քանդեց կեղծ միջնապատերը, լեզվի հին ուսմունքը հանկարծակիի եկավ. նրա տրամադրության տակ ոչ միայն չգտնվեց յուր հետազոտական աշխատանոցում նոր լեզուներ ըմբռնելու իդեոլոգիական պատրաստականություն, այլև չգտնվեց, և մինչև այսօր էլ չկա, նույնիսկ այսպես թե այնպես շնորհքով մի հասարակ ցանկ մեր Միության լեզուների։
Իսկ ինչ ասենք ամբողջ աշխարհի լեզուների ամփոփման մասին։ Սորբոնի պրոֆեսոր՝ ֆրանսիական հնդեվրոպաբան Մեյեի վիզայով մեր օրերում լույս տեսած այդպիսի ամփոփումը դրսևորեց յուր աղքատիկ իրազեկությունը հենց լեզուների խնդրում և ինդիվիդուալիստական գերկողմնակալությունը արդեն գոյություն ունեցող տեսական դրույթները հաշվի առնելու մեջ:
«Աշխարհական» սոցիոլոգ-լեզվաբանի օրհնությամբ լույս տեսած այդ աշխատության վրա և՛ քանակապես, և՛ որակապես ստվեր գցեց Պատեր Շմիդտի արտադրանքը: Պատեր Շմիդտի գիտական նշանակության, ինչպես և Արևմուտքում ունեցած ազդեցության չափի մասին կարելի է գաղափար կազմել ձևականորեն այն փաստով, որ նրա 60-ամյակի առթիվ հրատարակված հոբելյանական հավաքածվի մեջ (մոտ 1000 էջ in-folio) մասնակցել են 76 գիտնական, աշակերտ ու հարգող, լեզվաբան, կրոնի պատմաբան, նյութական կուլտուրայի պատմաբան, որ ազգագրագետ և հնագետ են անվանվում, և ուրիշները, եվրոպական վեց լեզուներով։ Իսկ ինչո՞ւ հասավ նա այդպիսի հաջողության։ Արդյո՞ք միայն նրա համար, որ նրա ուշադրությունը գլխավորապես ուղղված էր շնորհակալ նյութի՝ հետամնաց ժողովուրդների կենդանի լեզուների կողմը։
Պատեր Շմիդտը բացեիբաց հայտարարում է, որ իր իդեոլոգիան, իր լեզվաբանական կառուցումը հանգում է ոգուն, որին նա միստիկական կուլտուրական շրջաններից ոչ պակաս անհուսալի փակուղու մեջ է գցել: Կամ գուցե Պատեր Շմիդտի մոտեցումն էր ավելի ճիշտ իբրև կոմպլեքսային. նա նկատի էր ունենում ոչ միայն լեզուն, այլև կենցաղը, նյութական և «հոգևոր» կուլտուրան։ Այդ մոտեցումը անվանում են պալեոէթնոլոգիական (հնէաազգաբանական)։