Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վրաստանում, Ուզբեկիստանում, Ուկրաինայում, Ադրբեջանnւմ և այլուր։

Սակայն ակադեմիկոս Նիկողայոս Մառի ամենամեծ վաստակը եղավ այն, որ նա ձևավորեց լեզվաբանական նոր ուղղությունը՝ սովետական ուղղությունը։ Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ Ռևոլուցիայից հետո Նիկողայոս Մառի նախորդ շրջանի պրոգրեսիվ որոնումները նոր հող ստացան և, արգասավորվելով մարքսիզմ-լենինիզմի մեծ գիտությամբ, վերածվեցին Լեզվի նոր ուսմունքի։

Դեռ նախառևոլուցիոն շրջանում ակադեմիկոս Ն. Մառը շատ հարցերում հակադրվում էր բուրժուական լեզվաբանության՝ հնդեվրոպաբանությանը։ Երբ նա ի մոտո ծանոթացավ մարքսիզմ-լենինիզմի կլասիկների աշխատություններին, որոնց մեջ մարքսիստական լեզվաբանության հիմնական դրույթներն արդեն կային, Ն. Մառը քրտնաջան աշխատանքով և անխոնջ պրպտումներով լուծեց լեզվաբանության սկզբունքային հարցերը, ձևավորելով դրանք որպես մարքսիստական լեզվաբանություն։ Երիտասարդ ուսանողի նման ուսումնասիրում էր նա և՛ մարքսիզմի կլասիկների աշխատությունները և սովորում նոր ու նոր լեզուներ՝ չուվաշերեն, ուդմուրդերեն, ֆիններեն, բրետոնցիների լեզուն (Ֆրանսիայում), բասկերի լեզուն (Իսպանիայում), հեռավոր արևելյան լեզուները և այլն, կուտակելով հսկայական լեզվական նյութ լայն ծավալի լեզվաբանական ուսումնասիրությունների համար։ Իր հետազոտությունների մեջ ընդգրկելով հարյուրից ավելի լեզուներ՝ ակադեմիկոս Նիկողայոս Մառը իր մարքսիստական դրույթները ստուգում ու հիմնավորում էր այդ լայնածավալ փաստերով:

Շատ շուտով Ն. Մառը նկատեց հնդեվրոպաբանների սահմանափակությունը և այդ սահմանափակության հետևանքով նրանց կատարած միակողմանի տեսական եզրակացությունները, ուստի Լեզվի նոր ուսմունքն ստեղծելուն զուգահեռ նա քայլ առ քայլ հերքում էր բուրժուական լեզվաբանության սկզբունքային դրույթները. նախալեզվի տեսությունը, լեզվախմբերի անջատության տեսությունը, լեզուների զարգացման մետաֆիզիկ մեկնաբանությունը, բիոլոգիզմը լեզվաբանական երևույթների բացատրության մեջ, բուրժուական լեզվաբանության ռասայական հիմունքները, լեզվական երևույթների ֆորմալիստական բացատրությունը և այլն, և այլն։