Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործում՝ այնուհանդերձ ենթադրում ենք, որ կրթական (մանկավարժական) հարաբերությունների բովանդակության մեջ ընդգրկված հարաբերությունների էական, եթե ոչ մեծ մասը, չի հանդիսանում այդպիսին:

Առաջին հերթին. Վ. Ի. Շկատուլլան ոչ միշտ է հստակ տարբերակում մանկավարժական հարաբերությունները կրթության համակարգում գործող այլ հարաբերություններից: Չնայած նա ընդունում է, որ կրթական իրավունքը կրում է համալիր բնույթ, և որպես իր առարկա ունի նաև աշխատանքային, գույքային, ֆինանսական, սոցիալական և կառավարման հարաբերությունները, համենայն դեպս դրանց զգալի մասը հայտարարվում են կրթական (մանկավարժական) հարաբերություններ: Այսպես, դրանց բաղադրության մեջ ներառված են ուսումնական պլանների, ուսումնական դասընթացների աշխատանքային ծրագրերի, դաստիարակության ծրագիրը որոշող պատրաստի ուսումնական օրացուցային ժամատախտակների հաստատման հետ կապված կառավարման հարաբերությունները, ինչպես նաև մանկավարժին արձակուրդի տրամադրման և երկարաժամկետ արձակուրդի վճարման կանոնների հետ կապված աշխատանքային հարաբերությունները և այլն:

Երկրորդ հերթին. Վ. Ի. Շկատուլլան, որպես կրթական (մանկավարժական) հարաբերությունների բազմազանություն, դիտարկում է ուսումնական պարապմունքների նախապատրաստման և այլ ուսումնական գործունեության (օրինակ, ուսուցման ձևերի ու պարապմունքների տեսակների, ուսուցման ու դաստիարակության մեթոդների, ուսումնական ծրագրում ուսուցման տարրերի ընտրություն, գիտելիքների իմաստավորման և ընդհանրացման կազմակերպում, գիտական հասկացությունների ձևավորում, սովորողների կողմից մտածողության զարգացման օրենքների յուրացում) հետ կապված մանկավարժական գործունեությունը: Սակայն, ինչպես հայտնի է, սուբյեկտի յուրաքանչյուր՝ միանձնյա, առանց այլ անձանց մասնակցության իրականացվող գործունեությունը հարաբերություն չի հանդիսանում: Այստեղ բացակայում է իրավահարաբերությունների կարևորագույն նախադրյալներից մեկը՝ մեկ ուրիշ անձի հետ մտնել այս կամ այն հարաբերության մեջ:

Այդ պատճառով, մանկավարժական գործընթացի նախագծման և կանխագուշակման հետ կապված և միանձնյա, առանց այլ անձանց մասնակցության իրականացվող մանկավարժի գործունեությունը չի կարող համարվել կրթական (մանկավարժական) հարաբերություն: Այս գործունեության արդյունքներն են քաղաքացիական իրավունքի նորմերով պաշտպանվող մտավոր աշխատանքի արդյունքները: Մանկավարժի գործունեությունը կրթական (մանկավարժական) հարաբերություններում իրականանում է միայն այն դեպքում, երբ նա մասնակցում է մանկավարժական գործընթացին և իրականացնում է սովորողների ուսուցման և դաստիարակության կոնկրետ ակտեր, կամ էլ փոխազդվում է ուսումնական գործունեության այլ մասնակիցների հետ:

Երրորդ հերթին. Վ. Ի. Շկատուլլան կրթական (մանկավարժական) հարաբերությունների մեջ է ներառում օրինաստեղծ գործունեությունը, ինչպես նաև իրավական նորմերի նախապատրաստական և ընդունման կրթության և կրթական հաստատությունների կառավարման մարմինների գործունեությունը: Այսպես, անորակ ուսուցման համար պատասխանատվության հաստատման, սովորողների և մանկավարժների կողմից ժամանակի նորմերի խախտման, անորակ ուսուցման պատճառած վնասների փոխհատուցման կարգուկանոնի ամրապնդման հետ կապված հարաբերությունները Վ. Ի. Շկատուլլան ճանաչում է որպես մանկավարժական մեթոդ, թեև դրանք իրականում ըստ Վ. Ի. Սիրիխի /69, էջ՝ 41-42/ հանդիսանում են օրինաստեղծ ոլորտին բնութագրող հարաբերություններ: Նկատի ունենալով, որ «Կրթական իրավունք» առարկան ոչ միայն կդասավանդվի մանկավարժական բուհերի բոլոր ֆակուլտետներում, այլև իրավաբանական ֆակուլտետներում, կարծում ենք. ցանկացած իրավաստեդծ և օրինաստեղծ գործունեություն ոչ միայն իրավագիտության, այլև հատկապես կրթական իրավունքի ամբողջական յուրացման համար շատ կարևոր նշանակություն ունի:

Նախ, անկախ ամեն ինչից, ուսումնական հաստատություններն են իրենց ներքին կանոններով և նրանց ղեկավարների հրամաններով կանոնակարգում կրթական գործընթացը՝ հետևաբար, ստեղծում լոկալ իրավական ակտեր.