Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլինի այն, որ դրանք երկուսն էլ իրավաբանորեն երաշխավորված են օրենսդրությամբ և համապատասխան իրավասու մարմինների ու անձանց կողմից: Հետագա շարադրման ընթացքում կարիք չկա խորությամբ սահմանազատել այդ երկու հասկացությունները, որի համար էլ դրանք կդիտարկվեն որպես հավասարազոր:

Սովորողի իրավական կարգավիճակի անբաժանելի մասը իրավաբանական պարտականությունն է՝ որպես պետության կողմից ապահովվող պարտադիր վարքի չափանիշ: Պարտադիր վարքն իր մեջ ներառում է այնպիսի բաղկացուցիչ մասեր, ինչպիսիք են՝

ա. կրթական օրենսդրությանը հակասող և կրթական գործընթացին ու ուսումնական հաստատությանը, այլ սովորողների, մանկավարժական աշխատողների իրավունքներին և շահերին վնաս հասցնող գործողություններից ձեռնպահ մնալու պարտականությունը,

բ. որոշակի գործողությունների կատարումը՝ իրավասու անձանց, մարմինների և կազմակերպությունների (առաջին հերթին, կրթական հաստատության) շահերից ելնելով,

գ. կատարած իրավախախտման համար անբարենպաստ հետևանքները կրելու պարտականությունը՝ նախատեսված կրթական և այլ (դաստիարակչական, վարչական, քաղաքացիական, քրեական) օրենսդրության նորմերի սանկցիաներով (նկատողությունը, խիստ նկատողությունը, սովորողին հեռացնելը կրթական հաստատությունից և այլն):

Սովորողների իրավական պատասխանատվությունն ունի որոշակի յուրօրինակություն, որի մասին մանրամասն կխոսվի հաջորդիվ: Տվյալ դեպքում, կարճ անդրադառնանք սովորողների իրավական կարգավիճակի տեսակներին, որոնք բացի կառուցվածքից, կարևոր դեր են խաղում անհատի իրավական կարգավիճակի բնութագրման մեջ, և որոնց յուրահատկությունը պայմանավորված է տարբեր սոցիալ-իրավական դիրք զբաղեցնող անհատների կարգավիճակի բովանդակության առանձնահատկություններով: Այդ տեսակների թվում սովորաբար առանձնացնում են ընդհանուր, հատուկ և անհատական իրավական կարգավիճակները, որոնք առավել հստակորեն են արտահայտում սոցիալական կապերի համակարգում տվյալ սուբյեկտի դիրքի (տեղի և դերի) առանձնահատկությունները, այդ թվում և՝ այդ դիրքի հարաբերականությունը:

Քաղաքացու (անձի) ընդհանուր իրավական կարգավիճակի հասկացությունն ընդգրկում է այն իրավաբանական իրավունքները, պարտականությունները և օրինական շահերը, որոնք հատուկ են բոլոր քաղաքացիներին և յուրաքանչյուր քաղաքացուն առանձին վերցրած՝ անկախ նրանց սոցիալ-դասակարգային, սեռատարիքային, ընտանեկան, ծառայողական դիրքի առանձնահատկություններից (75, Ի.Պ. Լևչենկո, Ս.Վ. Օբփենկո): Այս տեսանկյունից, ՀՀ քաղաքացի հանդիսացող, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող, բայց Հայաստանի կրթական հաստատություններում սովորելու իրավունք ունեցող (միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան) յուրաքանչյուր սովորող հանդիսանում է ընդհանուր (առաջին հերթին, սահմանադրական) իրավական կարգավիճակ կրող: Դրանով իսկ, ՀՀ Սահմանադրության մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները հոդված 14-ից 47-ը ներառյալ գործողությունները տարածվում է յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի վրա, քանի որ այդ հոդվածներում նշված է յուրաքանչյուր ոք:

Հատուկ իրավական կարգավիճակներն իրենց մեջ ներառում են վերը նշված հատկանիշներով՝ սոցիալական դիրքով, սեռատարիքային առանձնահատկություններով և այլնով առանձնացված առանձին կատեգորիաների անձանց յուրահատուկ իրավունքները և պարտականությունները: Այս դեպքում խոսքը հատուկ պետական ծառայողների՝ զինծառայողների, ոստիկանության աշխատողների և այլոց սոցիալական իրավունքների և պարտականությունների մասին է նախատեսված, համապատասխանաբար, նաև հատուկ օրենսդրությամբ: Այս տեսանկյունից սովորողների տարբեր կատեգորիաների (խմբերի) իրավական կարգավիճակը նույնպես հանդիսանում է հատուկ կարգավիճակ, քանի որ նրանց իրավունքները և պարտականություններն առանձնացված են մյուսներից, նախատեսված են, գլխավորապես, կրթական օրենսդրությամբ (կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության, տարածքային /մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կրթության կառավարման մարմինների ենթաօրենսդրական ակտերով,