Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախ և սաաջ, որպես պարտավորված կողմ, որը գործում է ի շահ սովորողների: Ուսումնական հաստատությունը կրում է իրավաբանական պատասխանատվություն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Ձևականորեն ուսումնական հաստատության անհատական-իրավական ակտերի ընդունման, վերահսկողության, կրթության մասին փաստաթղթերի հանձնման իրավունքները կարելի է վերագրել կառավարմանը, քանի որ խոսքը գնում է իշխանա-կարգադրական գործողությունների ձևերի մասին, սակայն այս գործողություններում առկա են հատկանիշներ, որոնք բնորոշ չեն բուն կառավարման գործողություններին:

Կոնկրետ ուսումնական հաստատության սովորողների կազմում քաղաքացու ներառման հրամանը համարվում է իրավական ակտ: Այսպիսի ակտը պետք է ընդգրկի առաջինը՝ իրավաբանորեն իշխանազոր կարգադրություն, երկրորդը՝ պետք է լինի համապարտադիր:

Կառավարման մարմինը ընդունում է իրավակիրառ ակտերը միակողմանի, առանց անձերի համաձայնության հաշվառման, այդ ակտը միշտ պարունակում է պարտադիր իրավաբանորեն իշխանազոր կարգադրություն, նա միշտ իմպերատիվ է (Յ. Ստարիլով, 77, գիրք 2, էջ՝ 58): Սակայն ուսումնական հաստատություն ընդունվող քաղաքացու հրամանում այս հատկանիշները բացակայում են:

Ձևավորելով սովորողների քանակակազմը, ուսումնական հաստատության ղեկավարը չի կարող որոշումներն ընդունել միակողմանի: Այն կապված է՝

1. միայն այն մարդկանց կամաարտահայտումից, ովքեր ցանկացել են սովորել տվյալ ուսումնական հաստատությունում,

2. մրցույթի արդյունքներից, ուսումնական հաստատությունում ընդունվելու հիմքը միայն տվյալ անձի ունեցած գիտելիքների մակարդակն է, որը դիմորդը ցուցաբերել է ընդունելության քննությունների ժամանակ, և ոչ թե իրավասուի սուբյեկտիվ հայեցողությունից, որը գնահատում է ընդունելության հանձնաժողովը: Կոնկրետ քաղաքացու ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանն ունի անհատական և հասցեական բնույթ այդ անձի համար: Սովորողը չի կարող սկսել պարապմունքները, առանց այդ հրամանի և միևնույն ժամանակ՝ ընդհատել դրանք որ պահին որ ցանկանա՝ չկրելով ոչ մի վարչական, կարգապահական կամ այլ պատասխանատվություն:

Այսպիսով, ուսումնական հաստատության իրավունքը՝ ինքնուրույն ձևավորել սովորողների քանակակազմը, մեր կարծիքով, մտնում է կրթական կազմի և ոչ թե կառավարման իրավահարաբերությունների մեջ:

Առավել քիչ հիմքեր կան կառավարման հարաբերության կազմի մեջ ընդգրկել ուսումնական հաստատության իրավունքը, իր շրջանավարտներին համապատասխան կրթության և որակավորման մասին փաստաթղթեր տրամադրելը: Հրամանը ընդունվում է սովորողների ատեստավորման արդյունքների, պետական քննական հանձնաժողովի որոշման հիման վրա և կախված չէ ուսումնական հաստատության ղեկավարի միակողմանի կամեցողությունից:

Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն վարում է մշտական և բազմատեսակ վերահսկողություն: Այսպես, դպրոցի կառավարման մարմինները վերահսկում են ուսումնական պլանների կատարումը, ուսումնական պարապմունքների ռեժիմը, աշակերտների հաճախումը, դասղեկների աշխատանքը, դպրոցական փաստաթղթերի վարումը, մեթոդ-միավորումների աշխատանքը, դպրոցական ու բուհի գրադարանի աշխատանքները, դաստիարակչական գործընթացի վիճակը, սպասարկող անձնակազմի աշխատանքի որակը, դպրոցի, բուհի նյութատեխնիկական վիճակը, պահպանվածությունը և այլն:

Նշված վերահսկողության բոլոր ձևերը իրականացվում են նաև ուսումնական հաստատության կառավարման գործընթացի օպտիմալացման նպատակով և իրավամբ մտնում են կառավարման, վարչական հարաբերությունների համակարգ:

Սկզբունքորեն այլ է կրթության որակի ընթացիկ հսկողությունը, սովորողների միջանկյալ և վերջնական ատեստավորումների հանդեպ: Կրթության որակը ներկայացնում է «ինքն իր մեջ», որի բացահայտումը դառնում է հնարավորինս բավականին բարդ օգտագործվող ընթացակարգեր։