Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց: /Այս հոդվածի խոցելի կողմերի մասին դեռ կանդրադառնանք/:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ի 2-րդ մասը սահմանում է, որ նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

Հետևաբար, Վ. Մ. Սիրիխի՝ /նույն տեղում/ «Երեխայի կրթությունը և դաստիարակությունը ընտանիքում կամ այլ հարազատների կողմից իրավունքով չեն կարգավորվում, քանի որ ծնողները պարտավոր են երեխայի նախադպրոցական տարիքում նրա մեջ ձևավորել ֆիզիկական, բարոյական, մտավոր որակներ», դատողությունը մեր կարծիքով իրականությանը չի համապատասխանում, և դրանք կրթական իրավահարաբերություններ են՝ բացառությամբ, որ ծնողն իր երեխայի կրթված և դաստիարակված լինելու համար կրթական փաստաթուղթ չի տրամադրում։

Գործող օրենսդրությունը պահանջներ չի դնում նաև այն մասին, որ երեխան, մինչև դպրոց ընդունվելը, պետք է տիրապետի զարգացվածության ինչ-որ մակարդակի: Երեխան ընդունվում է ուսումնական հաստատություն՝ անկախ իր կարդալու և գրելու կարողություններից:

Ընտանեկան դաստիարակության այդ խնդիրները պարտավոր է լուծել դպրոցը, որտեղ բոլոր երեխաները, անկախ իրենց պատրաստվածության աստիճանից, սկսում են ուսուցումը այբուբենի և թվաբանության ուսուցումից: Հետևապես, որպես կրթական գործընթացի արդյունք, գիտելիքները չեն կարող դիտվել որպես կրթական հարաբերությունների օբյեկտ:

Ուրեմն, կարելի է եզրակացնել, որ սովորողի ստացած ոչ բոլոր գիտելիքներն են կրթական իրավահարաբերությունների օբյեկտ:

Այսպիսով, գիտելիքները կարող են հանդես գալ այդպիսի կարգավիճակում միայն այն դեպքում, երբ կրթական հարաբերությունները ձևավորվում են կրթական հաստատությունների և սովորողների միջև նրանց կրթության և դաստիարակության գործընթացում:

Ըստ Սիրիխի /85, էջ՝ 25/ կրթական հարաբերությունների օբյեկտը բնութագրելիս համանման մոտեցում պետք է հանդես բերել նաև դաստիարակությանը: Դաստիարակությունն անձի հասարակության մեջ ակտիվ գործելու անհրաժեշտ որակներից է, որի շնորհիվ նա հաջող հարաբերությունների մեջ է մտնում այլ մարդկանց հետ՝ չխախտելով նրանց հետաքրքրությունները, իրավունքները, չոտնահարելով նրանց արժանապատվությունը և անհատի մյուս ոչ նյութական բարիքները:

Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առանձնանում են քաղաքական, իրավական, բարոյական, աշխատանքային, ֆիզիկական, գեղագիտական և դաստիարակության այլ տեսակներ: Դաստիարակությունը, ինչպես և կրթությունը, իրենցից ներկայացնում են մարդու կյանքի փորձի ամբողջական արդյունք, նրա փոխհարաբերությունն այլ մարդկանց, հասարակության, պետության և բնության հետ: Այդ պատճառով լայն իմաստով դաստիարակությունը բնութագրվում է որպես մարդու վրա բնական և սոցիալական միջավայրի թաքնված ներգործություն (В. И. Максакова. 86. С.67): Դաստիարակությունը, նեղ իմաստով, հասկացվում է որպես մանկավարժի և սովորողի փոխհարաբերություն՝ հասարակության սոցիալական նորմերին և արժեքներին տիրապետելու նպատակով: Այսպիսով, դաստիարակությունը նաև կրթական գործունեության առարկան է, իսկ սովորողների դաստիարակվածությունը՝ նրա վերջնական արդյունքը, որը մանկավարժներն ավելի բարձր են գնահատում, քան կրթվածությունը:

Կրթական հաստատությունների և սովորողների միջև գոյություն ունեցող և առաջացող գիտելիքները, կարողությունները, նորարարությունները, հմտությունները և դաստիարակվածությունը որպես կրթական հարաբերությունների օբյեկտի բաղադրամասեր բնութագրվում են հետևյալ գծերով.

- Կրթական հարաբերություններին մասնակցող մասնագետ-մանկավարժ կարող է դառնալ այն անձը, ով տիրապետում է անհրաժեշտ գիտելիքների և ընդունակ է մասնագիտական մակարդակում