Բացի այդ, կրթության հարցերով ՀՀ մարզպետների նորմատիվ որոշումների գործողությունը տարածվում է միայն տվյալ մարզի, իսկ Երևանի քաղաքապետի նորմատիվ որոշումների գործողությունը՝ միայն Երևան քաղաքի վարչական տարածքի վրա:
- Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է համապատասխան համայնքի տարածքի վրա:
- Անհատական իրավական ակտերի գործողությունը տարածվում է ՀՀ ամբողջ տարածքի վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Ներքին իրավական ակտի գործողությունը տարածվում է միայն ներքին իրավական ակտով ուղղակի նախատեսված անձանց վրա: ՀՀ նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է ՀՀ-ի դեմ դրա մարմինների, ՀՀ քաղաքացիների, ՀՀ իրավաբանական անձանց, ՀՀ համայնքների՝ ի դեմս դրանց մարմինների, ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, ՀՀ գործող օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ միջազգային պայմանագրերի և միջազգային իրավունքի նորմերի համաձայն, ՀՀ օրենքներն ու նորմատիվ իրավական այլ ակտերը կարող են չկիրառվել օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և որոշ այլ ներկայացուցչությունների աշխատակիցների նկատմամբ:
Գլուխ 4.5. Կրթության նորմատիվ իրավական ակտերն ընդունելու իրավասությունը, ՀՀ օրենքները ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու /գործողությունը դադարեցնելու/ հիմնախնդիրները
4.5.1. Կրթության նորմատիվ իրավական ակտերն ընդունելու իրավասությունը
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ը սահմանում է, որ ՀՀ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)՝
1) ժողովուրդը՝ միայն հանրաքվեի միջոցով,
2) ՀՀ Նախագահը, ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանձնաժողովները, ՀՀ վիճակագրության և քաղաքացիական ծառայության խորհուրդները, ՀՀ նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները, ինչպես նաև մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը,
3) ՀՀ սահմանադրական դատարանը՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում,
4) ՀՀ առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը՝ օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով,
5) ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատական ծառայության մասով:
Պետական այլ մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:
ՀՀ Սահմանադրությամբ և սույն օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն: