Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլուխ 4.7. Կրթական իրավունքը որպես իրավունքի ինքնուրույն ճյուղ ճանաչելու եզրափակիչ ամփոփում

Հետևելով գիտական դասակարգման ընթացակարգերում ընդունված ձևական տրամաբանության կանոններին, մենք ներկայացրինք բավականին փաստարկներ, որոնք թույլ են տալիս և անհրաժեշտ են դարձնում կրթական իրավունքը ճանաչելու որպես առանձին իրավունքի ճյուղ: Այսօր կրթության իրավունքն ունի գործող իրավունքի ավանդական բոլոր ճյուղերին ներհատուկ գծերը:

Առաջին հերթին, այն ունի իրավունքի այլ ճյուղերը չկրկնող սեփական իրավական կարգավորման հաստատուն, մեծածավալ առարկան՝ ընդգրկելով հասարակության առարկայագործնական հատուկ այնպիսի ոլորտի հարաբերություններ, ինչպիսին կրթությունն է:

Կրթական հարաբերությունները, հանդիսանալով այդ ոլորտի միջուկ, բնորոշվում են առանձնահատուկ բաղադրակազմով: Տվյալ կապերի կառուցվածքի բոլոր բաղադրամասերը՝ օբյեկտը, սուբյեկտը և բովանդակությունը տարբերվում են քաղաքացիական, աշխատանքային, վարչական և սոցիալական ապահովության իրավունքի ճյուղերի բաղադրատարրերից:

Քաղաքացիական, աշխատանքային, սոցիալական ապահովության, վարչական, ֆինանսական և իրավունքի այլ ճյուղերի սահմանագծում հայտնված համալիր ինստիտուտները կրում են երկրորդական բնույթ և ներառվում են կրթական իրավունքի առարկայի մեջ այն չափով, որ չափով որ նրանք կրթական հարաբերությունների գործառույթների իրականացման համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ:

Երկրորդ հերթին՝ կրթական իրավունքը իրավական կարգավորման առարկայի առանձնահատկություններն ընդօրինակելով, սահմանում է կրթական հարաբերությունների կարգավորման նորմատիվ-իրավական հատուկ ռեժիմ:

Ինչպես ցույց տվեցինք վերևում, այս իրավունքի ճյուղն ունի իրավական կարգավորման՝ իրեն հատուկ սկզբունքները, մեթոդները և եզրույթային ապարատը: Ընդ որում, կրթական իրավունքի մեթոդները հանդես են գալիս այդ իրավունքի բոլոր բաղադրամասերում:

Երրորդ հերթին՝ կրթական իրավունքն ունի բավականին զարգացած օրենսդրական աղբյուրների համակարգ, որի մեջ են մտնում ՀՀ ԱԺ օրենքները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումները և կարգադրությունները, ՀՀ կրթության և գիտության նախարարի նորմատիվ-իրավական գերատեսչական ակտերը /հրամանները/:

Կրթական իրավունքի աղբյուրների համակարգի մեջ են մտնում նաև տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, կրթական կազմակերպությունների ներքին իրավական ակտերը և պայմանագրերը:

Այսպիսով, կրթական իրավունքը ամբողջովին համապատասխանում է իրավունքի ոլորտի հատկանիշներին, ինչպիսին է օրինակ, իրավական աղբյուրների նշանակալից ամբողջության առկայությունը:

Չորրորդ հերթին՝ կրթական իրավունքը ներկայացնում է իր առարկան իրավունքի մի շարք ոլորտներում, ստեղծելով իր համակարգում համալիր ինստիտուտներ, այդ ամենով ձեռք բերելով իրավունքի ճյուղի ևս մեկ բաղկացուցիչ:

Իրավունքի ճյուղի առանձնահատուկ հատկանիշներից մեկը, որին իրավաբանական գրականությունում բավականին ուշադրություն չի հատկացված, դա ճյուղի այլ իրավունքի ճյուղերում համալիր ինստիտուտների ստեղծման ունակությունն է:

Այսպես, քաղաքացիական իրավունքը ստեղծում է համալիր ինստիտուտներ՝ սոցիալական ապահովության, վարչական, աշխատանքային, ընտանեկան, հողային, էկոլոգիական, քրեական և քաղաքացիական դատավարական համակարգերում:

Կրթական իրավունքը ևս ունի այլ ճյուղերի կառուցվածքում իր հենադաշտերը ստեղծելու կարողություն: Այն թափանցում է վարչական իրավունքի մեջ՝ նրանում ձևավորելով այնպիսի համալիր ինստիտուտ, ինչպիսին պետական ծառայողների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն է: