Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրթական հարաբերությունների մասնակիցների մյուս բոլոր գործողություններն ու ընթացակարգերը, իրավունքներն ու պարտականությունները, որոնք ի հայտ են գալիս այդ երկու իրավաբանական փաստերի միջև ընկած ժամանակահատվածում /միջակայքում/, իրենցից ներկայացնում են միասնական, տևական կրթական հարաբերություններ:

Կրթական հարաբերության՝ որպես միասնական հարաբերության ճանաչման օգտին է վկայում նաև այն փաստը, որ տվյալ հարաբերության օբյեկտի ըմբռնումը հնարավոր է դառնում միայն պետական կրթական չափորոշիչներով նախատեսված և ուսումնական ծրագրին համապատասխանող բոլոր առարկաների, ուսումնական գիտաճյուղերի հետևողական ուսումնասիրության դեպքում: Ընդհանուր և մասնագիտական կրթությունը համակարգված, փոխկապակցված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ամբողջությունն է, այլ ոչ թե ուսումնական ծրագրի ցանկացած, կամայականորեն վերցված մաս:

Առավել տևական են ուսումնական հաստատության և ընդհանուր միջնակարգ կրթություն ստացող անձի միջև առկա հարաբերությունները: Այժմ այն ընդգրկում է 9-12 տարի տևողությամբ ժամանակահատված: Բուհի և նրա ուսանողի միջև կրթական հարաբերությունը տևում է 4-6 տարի: Մեծահասակների լրացուցիչ կրթության համակարգում ձևավորված հարաբերությունների ժամկետները կարող են սահմանափակվել մի քանի շաբաթով կամ ամսով:

Իհարկե, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կրթական հարաբերությունն ընդհատվի մինչև ուսումնառության ավարտը, օրինակ՝ սովորողի ցանկությամբ, հղիության և ծննդաբերության, «վաստակած» հիվանդության, պարտադիր զինվորական ծառայության մեկնելու և այլնի հետևանքով: Թվարկված դեպքերում կրթական հարաբերությունները կասեցվում են, և սովորողը պահպանում է իր տեղը տվյալ ուսումնական հաստատությունում, իսկ ակադեմիական պարտքերի, կարգապահական զանցանք թույլ տալու պատճաով կամ բուհն ինքնակամ լքելու դեպքերում՝ դադարեցվում են կրթական հարաբերությունները: Մնացած դեպքերում կրթական հարաբերությունները շարունակվում են այնքան ժամանակ, քանի դեռ սովորողը հաճախում է ուսումնական հաստատություն՝ ուսումնական ծրագիրը յուրացնելու նպատակով:

Լինելով տևական՝ կրթական հարաբերություններին բնորոշ է՝

1) իրականացման փուլային բնույթը,

2) կրթական հարաբերության առանձին փուլերի միջև աստիճանական /հիերարխիկ/ կապը,

3) բազմասուբյեկտությունը,

4) բազմակողմանիությունը,

5) սովորողի և մանկավարժի անձնական մասնակցությունը կրթական հարաբերություններին,

6) սովորողի կողմից, որպես կանոն, կրթական հարաբերության այլ մանկավարժի դեռևս անհատական ընտրության բացակայությունը:

Բոլոր ուսումնական հաստատություններում մանկավարժական գործընթացը մասնատվում է մի շարք հետևողական փուլերի՝ ուսումնական տարիներ, որոնք էլ, իրենց հերթին, մասնատվում են քառորդների, իսկ միջնակարգ մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության հաստատություններում՝ կիսամյակների, մոդուլների և նման այլ մասերի: Ուսումնական գործընթացի յուրաքանչյուր փուլ ենթադրում է ուսումնական ծրագրով և ուսումնական պլանով խստիվ սահմանված գիտաճյուղերի ուսումնասիրում: Մեկ գիտաճյուղը կարող է ուսումնասիրվել մի քանի քառորդի, կիսամյակի ընթացքում, բայց դրա յուրաքանչյուր քառորդի, կիսամյակի ընթացքում ուսումնասիրվող թեմաների ամբողջականությունը առանձնացված է և չի կրկնվում ուսումնական գործընթացի հաջորդ փուլերում:

Ուսումնական գործընթացի առանձին փուլերի միջև գոյություն ունի կայուն, հիերարխիկ աստիճանական կապ, որը բնորոշվում է նրանով, որ ուսումնական գործընթացի առավել ուշ փուլերում առարկաների, կրթական գիտաճյուղերի ուսումնասիրությունը հնարավոր է միայն ուսումնառության նախորդ փուլերում սովորողների կրթական գիտաճյուղերի հաջող յուրացման դեպքում: Այդպիսին է ուսումնական ծրագրի հստակ պահանջը, որը նախատեսում է ուսումնական գործընթացի առանձին փուլերով ցրված բոլոր կրթական գիտաճյուղերի միջև կայուն կապ՝ սովորողների