Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաղաքացուն պատկանող բոլոր իրավունքների, ազատությունների, պարտականությունների ամբողջությունը կոչվում է իրավական կարգավիճակ։ «Իրավական կարգավիճակ» եզրույթը /տերմինը/ օգտագործվում է անձի իրավական կարգավիճակն ընդհանրապես բնութագրելու, իսկ «իրավունակություն» և «գործունակություն» եզրույթներն օգտագործվում են իրավահարաբերություններին այս կամ այն անձանց մասնակցելու իրավունքը պարզելու համար։

Ինչպես հայտնի է, ցանկացած սուբյեկտի իրավասուբյեկտությունն իր երկու իրավական որակների՝ իրավունակության և գործունակության միասնությունն է։ Իրավահարաբերության անհատ սուբյեկտը ոչ թե ֆիզիկական, այլ զուտ իրավաբանական հասկացություն է։ Իրավահարաբերության սուբյեկտը նույն ինքը մարդը չէ, դա միայն օբյեկտիվ իրավունքով ստեղծված նրա հատկություններից մեկն է։ Եթե իրավունակությունը իրավական նորմերով նախատեսված իրավաբանական սուբյեկտիվ իրավունքներ և իրավաբանական սուբյեկտիվ պարտականություններ ունենալու սուբյեկտի (անհատի կամ կազմակերպության) ունակությունն է, ապա գործունակությունը սուբյեկտի իրավական նորմերով նախատեսված ունակությունն է իր (կամ իր օրինական ներկայացուցչի միջոցով) իրականացնել այդ իրավունքները և կրել պարտականություններ՝ օգտագործել առաջինները և կատարել երկրորդները։

Իրավական պետության քաղաքացիներն իրականում լիարժեքորեն օգտվում են սահմանադրությամբ և օրենքներով սահմանված մարդու իրավունքներից, ազատություններից և կատարում օրենքով սահմանված պարտականություններ։ Արտասահմանցիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որպես իրավահարաբերության մասնակիցներ, երկրի տարածքում իրենց իրավական վիճակով հիմնականում հավասարեցվում են այդ երկրի սեփական քաղաքացիներին։ Նրանք գույքային, ֆինանսական և շատ այլ հարաբերությունների լիարժեք մասնակիցներ լինելուց զատ, ունեն կրթության իրավունք։ Նրանց երաշխավորվում է նաև դատարան և պետական այլ մարմիններ դիմելու իրավունք՝ իրենց պատկանող անձնական, գույքային, ընտանեկան և այլ իրավունքները պաշտպանելու համար։

Փաստորեն, կրթական իրավահարաբերության սուբյեկտների թվին են դասվում ոչ միայն մեր պետության քաղաքացիները, այլև ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիները /արտասահմանցիները/ և քաղաքացիություն չունեցող անձինք։

Իրավահարաբերության՝ կոլեկտիվ սուբյեկտների թվին են դասվում պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունները, կրթական և ուսումնական հաստատությունները և պետությունն ամբողջությամբ։ Ի տարբերություն անհատական սուբյեկտների, կազմակերպությունների, իրավունակությունն ու գործունակությունը սահմանափակվում է այն նպատակներով և խնդիրներով, հանուն որոնց նրանք ստեղծվել և գործում են։ Տարբեր կազմակերպությունների գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքներով կամ պետական իշխանությունների կողմից ճանաչված և նրա օրենքներին չհակասող, իրենց սեփական կանոնադրություններով։ Չնայած այդ գործունեության բազմազանությանը, այն ամբողջությամբ ուղղված է կրթության ոլորտի իրավահարաբերությունների մյուս սուբյեկտների ընդհանուր կամ անհատական շահերի բավարարմանը։ Իրավահարաբերության կոլեկտիվ սուբյեկտների իրավունակության բովանդակության պարունակությունը օրենքով և այլ նորմատիվ-իրավական ակտերով ամրագրված քաղաքացիների և մանկավարժների /պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների հետ իրավահարաբերությունների շփման մեջ մտնելու ունակությունն է, ինչպես նաև այդ հարաբերություններում պարտավորություններ կրելը։ Եթե գործող նորմերի համակարգը սուբյեկտին չի տափս որևէ իրավունք հասարակական հարաբերությունների համապատասխան ոլորտում, ապա տվյալ ոլորտում սուբյեկտը չի տիրապետում իրավունակության և չի կարող ներկայանալ որպես կոնկրետ իրավահարաբերության մասնակից։

Կախված իրավական նորմի մակարդակից, որոնցով որոշվում են կրթական ոլորտի մասնակիցների կրթական իրավահարաբերություններում ձեռք բերվող իրավունքներն ու պարտականությունները, կարելի է առանձնացնել 6 տիպի կարգավիճակ՝

  • սահմանադրական,
  • միջազգային-իրավական,