Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մասնակցել միջանկյալ կիսամյակային, տարեկան, պետական քննություններին: Իրավունակության հետ միասին, միաժամանակ, մարդը որոշակի տարիքում ձեռք է բերում գործունակություն:

Գործունակության բացակայությունն էլ՝ կապված առողջական վիճակի կամ տարիքի հետ, նշանակում է իրավունակությունը իրագործելու, աշխատանքային իրավահարաբերությունների սուբյեկտ լինելու անհնարինություն:

Քաղաքացիական իրավունքում հնարավոր են իրավիճակներ, երբ իրավունակությունը և գործունակությունը «գոյակցում» են ոչ միաժամանակ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 24-ին համապատասխան քաղաքացու գործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունն է (քաղաքացիական գործունակություն), որը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն՝ տասնութ տարեկան դառնալու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 29-ը սահմանում է մինչև 14 տարեկան անչափահասների գործունակությունը:

Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել՝

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող՝ անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

Փոքրահասակի գործարքներով՝ ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:

Ինչ վերաբերում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներին, ապա նրանք կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների՝ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ նույն օրենսգրքի հոդված 29-ի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն՝

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության՝ օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան՝ ավանդներ մուծել վարկային հաստատությաններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և նույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում նույն օրենսգրքի հոդված 29-ի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով:

Ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել