Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից՝ կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնության, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր՝ շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ը սահմանում է ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները՝

1. Ուսումնական հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

2. Պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:

3. ՀՀ կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

4. Ուսումնական հաստատությունն ապահովում է աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները:

Որպեսզի ուսուցիչը կարողանա պաշտպանել իր աշխատատեղը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 26-ի 3-րդ մասին համապատասխան հինգ տարին մեկ նա պետք է մասնակցի և անցնի ատեստավորում, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո:

Փաստորեն, կրթական իրավահարաբերությունների սուբյեկտները այս կամ այն նորմատիվ իրավական ակտի հիման վրա միմյանց հետ իրավական կապի մեջ մտած կրթական գործընթացի մասնակիցներն են: Այստեղ պետք է նկատի ունենալ, որ ոչ ամեն անգամ և ոչ բոլոր մսանակիցներն են դառնում կոնկրետ ձևի իրավահարաբերությունների սուբյեկտ, ավելի ճիշտ, մի դեպքում կրթական գործընթացի մասնակիցը իրավահարաբերության սուբյեկտ է հանդիսանում, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ: Օրինակ, դասը վարող ուսուցիչը, մի կողմից կրթական հարաբերության սուբյեկտ է այն իմաստով, որ նրա մանկավարժական գործունեության սկիզբը և իրականացումը