Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմը (կառուցվածքը) սահմանափակվում է նրա իրավաբանական բովանդակությամբ: Մեր կարծիքով, հենց այս դիրքերից էլ պետք է լուսաբանել տվյալ հարցի /թեմայի/ բոլոր հետագա հարցադրումները:

Յուրաքանչյուր իրավական հարաբերության բովանդակությունը, այդ թվում և կրթական հարաբերության, կազմում են սուբյեկտիվ իրավաբանական իրավունքները (իրավաբանական գրականության մեջ դրանք սովորաբար կոչվում են «սուբյեկտիվ իրավունքներ» եզրույթով (տերմինով) և սուբյեկտիվ իրավաբանական պարտականությունները:

Սուբյեկտիվ իրավունքներն իրենցից ներկայացնում են իրավական նորմերի բովանդակությամբ նախատեսված սուբյեկտների հնարավոր (թույլատրելի) վարքի սահմանը՝ անձնականի և հասարակության համար նշանակալի պահանջմունքների և շահերի բավարարման նպատակով:

Իրավաբանական պարտականությունը իրավական նորմերով նախատեսված սուբյեկտների ակտիվ կամ պասիվ վարքի հարկավորի (պահանջվածի) սահմանն է՝ իրավասու (այսինքն՝ սուբյեկտիվ իրավունքներ կրող անձանց շահերից ելնելով: Պասիվ պարտականությունը կոչվում է արգելք (իրավական արգելք): Իրավաբանական պարտականության հատուկ տարատեսակներից է իրավաբանական պատասխանատվությունը՝ անձի պարտականությունը, ով մեղավոր է հակաիրավական, հասարակական հարաբերություններին վնաս հասցնելու արարքների կատարման մեջ, կրելու դրա համար նախատեսված անձնական, գույքային և/կամ կազմակերպական բնույթի ոչ բարենպաստ հետևանքները:

Յուրաքանչյուր իրավական հարաբերության, այդ թվում և կրթական հարաբերության բովանդակությունը կազմում են սուբյեկտիվ իրավաբանական իրավունքները (իրավաբանական գրականության մեջ դրանք սովորաբար հանդես են գալիս «սուբյեկտիվ իրավունքներ» և «սուբյեկտիվ իրավաբանական պարտականություններ» եզրույթով):

Այստեղից հասկանալի է դառնում սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականությունների օրգանական կապը՝ ինչպես չկան իրավունքներ առանց պարտականությունների, այնպես էլ չկան պարտականություններ առանց իրավունքների: Որևէ մի սուբյեկտի ամեն մի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է մեկ այլ սուբյեկտի (մի քանի, կամ անորոշ թվով սուբյեկտների) ճշտորեն սահմանված իրավաբանական պարտականություն: Նշենք նաև սուբյեկտիվ իրավունքի և իրավաբանական պարտականության ևս մի կարևոր գիծ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը պաշտպանված են պետական հարկադրանքի հնարավորությամբ, այսինքն՝ երաշխավորված են պետության կողմից:

Կրթական հարաբերությունների սուբյեկտին բնորոշ փոխկապակցված և փոխպայմանավորված իրավունքների և պարտականությունների հանրագումարը, ինչպես նաև դրանց իրականացման երաշխիքները ձևավորում են այդ սուբյեկտի իրավական կարգավիճակը (կրթա-իրավական կարգավիճակը): Ընդ որում, յուրաքանչյուր սուբյեկտ, իր տեսակից (քաղաքացի, իրավաբանական անձ, պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին և այլն) կրթական հարաբերությունների ձևից և այլ հանգամանքներից կախված, ունի իրավական տարբեր կարգավիճակ:

Սուբյեկտիվ իրավունքների պարտականությունների ծավալը և սահմանները ընդհանուր ձևով սահմանվում են իրավունքի նորմերով: Իրավահարաբերության մեջ դրանք կոնկրետացվում են անհատ սուբյեկտի նկատմամբ: Իրավազոր և իրավապարտ սուբյեկտներն իրականացնում են իրենց վարքագիծը իրավունքի կողմից նշած սահմաններում: Նրանցից յուրաքանչյուրն օժտվում է վարքի ազատությամբ նշված սահմաններում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում սուբյեկտիվ իրավունքը, որպես իրավահարաբերության տարր:

Սուբյեկտիվ իրավունքը պետության կողմից սուբյեկտին տրվող և պահպանվող ազատության հնարավորություն է ըստ իր հայեցողության բավարարելու այն շահերը, որոնք նախատեսված են օբյեկտիվ իրավունքով:

Սուբյեկտին պատկանող իրավունքը կոչվում է սուբյեկտիվ իրավունք, որովհետև միայն սուբյեկտի կամքից է կախված ինչպես այն տնօրինել: Այդ հնարավորությունը ոչ թե կամայական, այլ իրավական է, որի սահմաններում թույլատրելի է վարքի չափը:

Սուբյեկտիվ իրավունքն արտահայտվում է երեք տարատեսակով.