Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առավելապես հանդիսանում է խիստ անհատական գործ, որը հիմնված է արարող սուբյեկտի սուբյեկտիվ իրավունքի իրացման վրա և որևէ հատուկ իրավահարաբերությունների կարիք չունի: Հոգևոր բարիքների ստեղծման գործընթացը թեև առաջին հայացքից գտնվում է իրավունքից դուրս, սահմանվում է սոցիալական այլ նորմերով և կանոններով, որոնք կազմում են ստեղծագործական գործունեության մեթոդների, ձևերի, միջոցների բովանդակությունը, սակայն սովորողների դաստիարակությունը արժեհամակարգի հայրենասիրության, մարդասիրության սերմանումը, Հայ Առաքելական եկեղեցու պատգամներին հետևելը չի կարող կրթական իրավունքի համակարգի անբաժանելի մասը չկազմել: Այս պահանջները սահմանված են օրենքով: Այսպես.

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է: ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»:

Առարկայա-գործնական գործունեության միայն մեկ ոլորտն է կարգավորվում իրավունքով: Դա իրավունքի կիրառումն է: Պետությունը կարգավորում է քրեական, քաղաքացիական, վարչական և այլ գործերի քննարկության ընթացքում առաջացած դատական հարաբերությունները: Սակայն այս հանգամանքը չի վկայում իրավահարաբերության բովանդակության մեջ փաստացի գործողությունների ներմուծման օգտին: Քանի որ դատավարության նորմերը կարգավորում են հատուկ իրավապահ հարաբերություններ, որոնց առաջացումը հնարավոր է այն ժամանակ, երբ կարգավորող իրավահարաբերությունները մտել են փակուղի և առանց պետական մարմինների միջամտության չեն կարող բարեհաջող ավարտ ունենալ:

Այսպիսով, մեր կարծիքով իրավաբանական գրականության մեջ իրավահարաբերությունների նյութական բովանդակությունը որպես նրանց կառուցվածքի պարտադիր տարր դիտարկելու փորձ, ոչ թե իր հետ բերում է սոցիալական երևույթների և գործընթացների անհարկի «իրավաբանականացում», կամ նշանակալից կերպով պարզեցնում է նյութական և հոգևոր բարիքների ստեղծման գործընթացը և իրավունքի գործունեությունը տարածում մի ոլորտի վրա, որը կարգավորվում է տեխնիկական և այլ նորմերով, այլ հենց դրա պատճառով է, որ մեզանում հակոտնյա երևույթները վերջին 18 տարիներին բավական մեծ ծավալներ է ընդգրկել հասարակության երիտասարդության մի ստվար զանգվածի մեջ: Մանավանդ, ինչպես նշեցինք վերևում, այն իրավաբանական ձևակերպում է ստացել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Այլ հարց է, թե դա ինչպես է իրացվում, կամ իրացվում է թե ոչ:


Գլուխ-5.5. Կրթական հարաբերություններից բխող սովորողների և կրթական հաստատությունների միջև հարաբերությունները

Սովորողների և ուսումնական հաստատությունների միջև ծագում են մի շարք իրավահարաբերություններ, որոնք բխում են ուսումնական գործընթացից, բայց ունեն ինքնուրույն նշանակություն: Դրանք սովորողների՝ սոցիալական պաշտպանության, կրթական հաստատության գործունեության կառավարման մեջ մասնակցության, ինչպես նաև, սովորողների կարգապահական և նյութական պատասխանատվության հետ կապված իրավահարաբերություններն են: Նմանատիպ իրավահարաբերություններ գոյություն ունեն մանկավարժական աշխատողների և ուսումնական հաստատությունների միջև, բայց դրանք կարգավորվում են կամ աշխատանքային օրենսդրությամբ, կամ աշխատանքային և կրթական իրավունքների համալիր ինստիտուտներով:

Կրթական գործընթացում սովորողների և ուսումնական հաստատությունների միջև ծագող հարաբերությունները չեն կարգավորվում ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ աշխատանքային իրավունքի նորմերով: Դրանք հարաբերությունների հատուկ տեսակներ են, որոնք մտնում են կրթական