Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասերից մանկավարժի, դասախոսի ուշացումը կամ բացակայությունը համարվում է կարգապահական խախտում, իսկ այլ բուհերում՝ դա դիտվում է որպես նորմալ երևույթ, քանի որ սահմանված չէ ներքին կանոնակարգով։ Որոշ բուհերի և այլ կրթական հաստատությունների ներքին կանոնակարգով այս կամ այն արարքը սահմանված է որպես կարգապահական խախտում, երբ դրանք կապված չեն կրթական գործընթացի հետ։ Օրինակ՝ հասարակական վայրում և բուհի տարածքին մոտ գտնվող սրճարանում ալկոհոլ օգտագործելը և այլն։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ի 4-րդ մասով սահմանված է, որ մանկավարժական աշխատողը պարտավոր է ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից՝ կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Սակայն թե՛ «Կրթության մասին» և թե՛ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով չի սահմանված, թե մանկավարժի կամ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների կողմից անհարգելի պատճառով ուսումնական պլանի չկատարումը ինչ կարգապահական հետևանք կարող է թողնել։ Օրենքով չեն կարգավորվում նաև հանրակացարաններում ապրող ուսանողների /սովորողների/ հանրակացարանի համակեցության ռեժիմի խախտման հարցերը։ Մի կողմից, որպես գույք այն կարող է պատկանել ուսումնական հաստատությանը, մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ դա ուսումնական հաստատության տարածքից դուրս է։ Հետևաբար, այդ ռեժիմի խախտման համար ո՞վ պիտի լինի կարգապահական տույժ կիրառողը, հանրակացարանի պարե՞տը, թե՞ տվյալ ֆակուլտետի կամ ուսումնական հաստատության ղեկավարը։ Սրանք հարցեր են, որոնք քննարկման առարկա պետք է դառնան։

Կրթական հարաբերությունների մասնակիցների կարգապահական պատասխանատվության հարցերով նորմերում կան ոչ հստակ և ոչ ճշգրիտ ձևակերպումներ։

«Կրթության մասին» ՀՀ օրենքը ուսումնական հաստատության կառավարման մարմիններին իրավունք է վերապահել ընդունել սեփական կանոնադրությունը և ներքին կանոնակարգը։ Հետևաբար, դրանցով իրավունք է վերապահել սահմանելու հակաիրավական գործողությունների, կրթական հաստատության կողմից սահմանված կարգի կոպիտ խախտումների համար սովորողին ուսումնական հաստատությունից հեռացնել։ Եվ քանի որ ուսումնական հաստատության կանոնադրությունը նորմատիվա-իրավական ակտ է, հետևաբար յուրաքանչյուր խախտում համարվում է հակաիրավական, ապա օրենքի այս ձևակերպումից պարզ չէ, թե ինչպիսի հակաիրավական գործողությունների մասին է գնում խոսքը, ուսումնական հաստատության սահմանված կարգի կոնկրետ ինչպիսի խախտումներն են բնորոշվում որպես կոպիտ։

Նախ կարող է խախտվել կա՛մ իրավական նորմը, կա՛մ որևէ մեկի սուբյեկտիվ իրավունքը։ Իրականում, բուհի ուսանողների կարգապահական խախտումները հավասար են օրենքի խախտումների, քանի որ բուհերի սահմանած ներքին կանոնակարգերը հանդիսանալով լոկալ ակտեր, ունեն իրավաբանական նշանակություն, այն չափով, որքանով դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրության դրույթներին։ Թեև սովորողին ուսումնական հաստատությունից հեռացնելն ունի նաև դաստիարակչական, իսկ մյուսների համար կանխարգելիչ իմաստ, այսինքն՝ մանկավարժական նշանակություն, այն իրենից ներկայացնում է իրավաբանական սանկցիա, և այդ սանկցիաներն իրավաբանական են և ոչ թե մանկավարժական։ Ելնելով այս կանխադրույթից, դաստիարակչական բնույթի խախտումների համար մեր առաջարկած «սանկցիաները» պետք է սահմանվեն օրենքով։

Հետևաբար, ուսումնական հաստատության կողմից սահմանված՝ ուսանողների պարտականությունները, որոնք նախատեսված չեն գործող օրենսդրությամբ, չունեն իրավաբանական նշանակություն և դրանց չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ սովորողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Պատասխանատվությունը կարող է միայն սահմանվել օրենքով։ Այլ նորմատիվ իրավական /ենթաօրենսդրական/ ակտերը չեն կարող սահմանել նոր իրավախախտումների բաղադրիչներ և դրանց համար իրավաբանական պատասխանատվություն։ Դրա համար կրթական հարաբերությունների մասնակիցների կարգապահական պատասխանատվության հարցերն ամբողջական, «Կրթության մասին» ՀՀ օրենքի առանձին