Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և մեծ հարգանք վայելող մանկավարժների և դասախոսներից կազմված խմբից։

Այս ամբողջ հարցերի կանոնակարգումն անհրաժեշտ է նրանով, որ պետք է սահմանվեն մանկավարժական աշխատողների կատարած զանցանքի հետաքննության բոլոր բաղադրիչները՝ օրինակ, որ այդպիսի հարցի վերաբերյալ ոաումնասիրություն կարող է սկսվել միայն անվանական գրավոր դիմում-բողոք ստանալու դեպքում։ Այնուհետև, այդ բողոքի կրկնօրինակը պետք է հանձնել այն անձին, ում մասին որ նշված է դիմում-բողոք։ Բացի այդ, մանկավարժի, դասախոսի կամ սովորողի պատվի և արժանապատվության պահպանման նպատակով օրենքը պետք է արգելի կարգապահական հետաքննության ընթացքի և արդյունքների զանգվածայնացումը՝ առանց շահագրգիռ կողմի համաձայնության։ Բացառություն կարող է կատարվել միայն այն դեպքերում, երբ գործի նյութերից ելնելով մանկավարժը կամ դասախոսը կարող են հեռացվել աշխատանքից, կամ էլ՝ ելնելով սովորողի շահերից։

Մի կողմից նրանց հեռացնելու հանգամանքը հրապարակելը պայմանավորված է կանխարգելիչ նշանակությամբ, այսինքն՝ մյուս աշխատողներին զերծ պահելու նման գործողություններից։ Մյուս կողմից, եթե անհարգելի պատճառով բացակայելու համար աշխատողը հեռացվում է աշխատանքից, ապա տվյալ կոլեկտիվի շահերից ելնելով այն կարող է չհրապարակվել, կամ եթե արարքն արտասովոր բնույթ չունի, սակայն կրթական հաստատության վարկանիշը դրանով կարող է ընկնել։ Այս դեպքում կարելի է լուրը ֆակուլտետի կամ ուսումնական հաստատության պատերից դուրս չհանել, եթե կատարված արարքը հանրային վտանգավորության կամ հետաքրքրության առարկա չի դարձել։

Սակայն եթե կարգապահական հետաքննության ընթացքում պարզվում է, որ տվյալ արարքն իր մեջ պարունակում է հանցագործության տարրեր, ապա գործի բոլոր հանգամանքները մասնագիտորեն պարզելու և իրավական գնահատական տալու համար պետք է անմիջապես դիմել իրավապահ մարմիններ։ Հետևաբար, քանի դեռ օրենսդրությամբ սահմանված կարգով չի որոշակիացված՝ կատարված է հանցագործություն թե ոչ, պետք է զերծ մնալ հրապարակումներից, քանի որ դրանով կարելի է վնաս պատճառել սովորողի կամ մանկավարժի /այլ աշխատողի/ բարի համբավին /անմեղության կանխավարկած/։ Բացի այդ, կարգապահական հետաքննության ընթացքում ձեռք բերված նյութերի հրապարակումը կարող է հետաքննության հետագա ընթացքի վրա բացասական ազդեցություն ունենալ, քանի որ դեռևս կատարելապես չհիմնավորված հանգամանքները, լայն հասարակության կողմից ծամծմվելով, թյուր կարծիք կստեղծեն տվյալ անձի մասին կամ կուղեկցեն գործի ապացույցների նենգափոխմամբ՝ հետաքննությանը մասնակցող կրթական հաստատությունների կամ ականատեսների վրա հոգեբանական և այլ ճնշումներ գործադրելու փորձերով։

Այս հարցերի կարգավորման ժամանակ կարող են օգտագործվել նաև «Ուսուցիչների դիրքի մասին» ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ, անգլերեն՝ ILO/ և Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության /UNESCO/ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունած 47-րդ Երաշխավորության դրույթները։ Իհարկե, թյուրիմացություններից խուսափելու համար, անհրաժեշտություն կառաջանա դրանք կոնկրետացնել ՀՀ իրավական համակարգի, նրա իրավական ինստիտուտների և իրավական կարգավորման մեթոդների յուրահատկությունների հետ, որպեսզի ապահովվի միջազգային իրավունքի նորմերի հետապնդած նպատակների իրականացումը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 227-ը սահմանում է կարգապահական տույժի կիրառման երեք տեսակ՝

1. Կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չհաշված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները։

2. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է վեց ամիս։ Եթե խախտումը հայտնաբերվում է աուդիտի, ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման (գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի,