Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկզբունքի թույլ վերահսկողության մասին: Միաժամանակ, կա իրավաբանական փաստը, սակայն չկա օրենսդրի համարժեք արձագանքը:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության /ԱՎԾ/ տվյալների 2008 թվականի տվյալներով դպրոց են հաճախել դպրոցահասակ երեխաների 90.6 տոկոսը: Ցավալի է այն փաստը, որ սրանից 25 տարի առաջ Հայաստանի բնակչության 99.6 տոկոսը գրագետներ էին, իսկ 21-րդ դարում ՀՀ-ում կան երեխաներ, ովքեր դպրոց չեն հաճախում, ինչը հանգեցրել է անչափահասների քրեածին երևույթների աճի:

Բացի այդ, ինչպես վերևում նշեցինք, «Կրթության մասին» ՀՀ մայր օրենքում չի նախատեսված կարգապահական զանցանքների տեղի տվող այն սպառիչ ցանկը, որոնց չկատարումը հանգեցնում է սովորողների նկատմամբ կարգապահական տույժերի այնպիսի ձևի կիրառման, ինչպիսին ուսումնական հաստատությունից հեռացնելն է: Այսպիսի օրենսդրական բացը «օրինականացնում է» նմանօրինակ երևույթի նկատմամբ սուբյեկտիվ որոշումների կայացման հավանականությունը:

Քաղաքացու՝ կրթություն ստանալու իրավունքն ապահովագրված է ոչ միայն մատչելի կրթությամբ, կրթական հաստատությունների լայն ցանցի առկայությամբ, այլև ուսումնական հաստատությունների, կառավարման մարմինների, տարբեր բնույթի սուբյեկտիվ որոշումներից քաղաքացու պաշտպանված լինելու իրավունքով, որոնք երբեմն ստեղծում են արհեստական խոչընդոտներ սահմանադրական իրավունքի իրացման ճանապարհին: Նման և կրթական հարաբերությունների այլ խնդիրներ իրավաբանական փաստերի օրենսդրական ամրագրումը /որոնց հետ կարող են կապված լինել կրթական հարաբերությունների գործընթացների փոփոխությունները և դադարեցումը/ անհրաժեշտ քայլ է կրթական հարաբերությունների նորմատիվային-իրավական կատարելագործման ճանապարհին:

Կրթության օրենսդրությանն անծանոթ են իրավաբանական փաստերի ապացույցների հավաքման այն ընթացակարգերը, որոնք հատուկ են՝ օրինակ, քրեական դատավարության իրավունքին: Հասարակական կյանքի պայմանների մեծ մասը, որոնք ազդում են կրթական իրավահարաբերությունների ծագման, փոփոխության կամ դադարեցման գործընթացների վրա, պաշտպանվում են տարաբնույթ գրավոր փաստաթղթերով, որոնց հավաստիացումը սահմանվում է համապատասխան վավերացումներով կամ լրացուցիչ ստուգումների ճանապարհով: Այսպես, սովորողի տարիքը սահմանվում է անձնագրի կամ ծննդականի տվյալներով, կոնկրետ ուսումնական հաստատությունում սովորելու իրավունքն ամրագրվում է նրա ղեկավարի հրամանով: Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության յուրաքանչյուր սովորող ունի ուսանողական տոմս ստանալու իրավունք: Կրթական գործընթացներին սովորողի մասնակցությունն արձանագրվում է դասարանական կամ ուսանողական մատյաններում, կամ այլ փաստաթղթերում, որոնց անհրաժեշտությունը՝ լրացման, մարման ու արխիվացման կարգը սահմանվում է կրթության կառավարման մարմինների նորմատիվային-իրավական ակտերով:

Անձի ստացած համապատասխան կրթական մակարդակի առկայությունը հավաստիացվում է նաև փաստաթղթերով: Օրենսդրությամբ նախատեսված է անձի ընդհանուր և մասնագիտական պատրաստվածությունը հավաստիացնող փաստաթղթերի բավականին ընդարձակ ցանկ: Մասնավորապես, ընդհանուր կրթության հաստատությունների շրջանավարտները ստանում են (ատեստատ, նախկինում՝ ոսկե կամ արծաթե մեդալ և պարգևատրման դիպլոմ կամ վկայական: Բարձրագույն մասնագիտական ոսումնական հաստատությունների շրջանավարտները ստանում են գերազանցության դիպլոմ, թերի բարձրագույն մասնագիտական կրթություն ստացածներին տրամադրվում է ակադեմիական տեղեկանք և այլն: Կրթական գործընթացում առավել բարդ է կրթության մակարդակի, գիտելիքների, կարողությունների և հմտությունների որակի որոշումը, որոնց առկայությունը կամ բացակայությունը հիմք է ծառայում կրթական հարաբերությունների ծագման, փոփոխության կամ դադարեցման համար: Կրթությունն ընդգրկվում է անձի ներքին հոգեկան հատկությունների թվի մեջ, որոնց արձանագրումը և օբյեկտիվ գնահատականը պահանջում է հատուկ ընթացակարգերի կիրառում: Կրթական գործընթացում այդ նպատակներով օգտագործվում են տարբեր տեսակի փորձարկումներ, ատեստավորումներ, մրցույթներ: