Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հետ համատեղելու և աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորման այլ հարցերի մասին: Կրթական իրավունքի համակարգում այդ առանձնահատկությունների հարցերի նորմատիվաիրավական կարգավորումը պետք է ներառել «Կրթության մասին» ՀՀ օրենքում /ՀՀ կրթության մասին օրենսգրքում/ և սահմանափակվել դրանով:

Իրավական ինստիտուտների համալիրության ճանաչման համար նշանակություն չունի աղբյուրը, որում գտնվում է այդ նորմը: Իրավական ինստիտուտի համալիր բնույթը, ինչպես նախկինում է ասվել, որոշվում է օբյեկտիվ չափորոշիչներով՝ իրավական կարգավորման առարկայով, այսինքն՝ հասարակական հարաբերությունների համակարգով: Նմանատիպ ինստիտուտի էությունը կայանում է նրանում, թե որն է նրա կիրառման ոլորտը, այլ ոչ թե որտեղ է այն տեղադրված: Համալիր ինստիտուտը /ըստ իր առարկայական բովանդակության/ համարվում է իրավունքի ոլորտի մի բաղադրամաս, սակայն պարունակում է յուրահատուկ նորմեր, որոնք կիրառելի են իրավունքի մեկ այլ ոլորտի սահմաններում: Հիմնականում հենց այդ հատկություններով են օժտված կրթական ոլորտի աշխատողների իրավունքների առանձնահատկությունները կարգավորող նորմերը:

Կրթական ոլորտի իրավանորմատիվային հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով, կրթական ոլորտի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմերն իրենցից ներկայացնում են ոչ թե ուղղակի իրավական նորմերի որոշակի զանգված, որոնք մեխանիկորեն ներառվում են կրթական իրավունքի համակարգում, այլ՝ աշխատանքային իրավունքի ինստիտուտներ, որոնք կրթական ոլորտում օրգանապես կապված են կրթական իրավունքի այլ ինստիտուտների հետ, նրանց վրա ունենում են անմիջական ներգործություն և իրենց հերթին նշանակալիորեն կախված են նրանց բովանդակությունից, ինչպես նաև ամբողջ կրթական իրավունքի համակարգից:

Հնարավոր չէ կրթական ոլորտի հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը համարել արդյունավետ, կատարյալ ու վերջնական, եթե դրանք կարգավորում են միայն անմիջականորեն բուն կրթական հարաբերությունները: Կատարյալ պետք է լինեն բոլոր նորմերը, այսինքն՝ կարգավորեն կրթական ոլորտին ներհատուկ բոլոր հարաբերությունները, այդ թվում նաև մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքային հարաբերությունները, որոնք կլրացվեն համալիր ինստիտուտներով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում է, որ պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:

ՀՀ կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

Մեր կարծիքով, այստեղ չի պահպանվում համընդհանրության սկզբունքն այն իմաստով, որ մասնավոր բուհերը կարող են իրենց ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը ավելի ցածր սահմանել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:

Բուհական համակարգի աշխատողների աշխատավարձի ցածր մակարդակը, որոշ իրավական հարաբերությունների իրացման մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև սահմանամերձ, հեռավոր գյուղական համայնքների կրթական հաստատությունների բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի սակավությունը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:

Շատերի մոտ ձևավորված է կարծիք, որ ինչպես կրթությունը, այնպես էլ գիտությունը, ապրանք է: Լավ ապրանք գնելու համար պետք է լավ վճարել: Սակայն սա չի վերաբերում միայն սովորողին: Հանրակրթության ֆինանսավորումն առավելապես կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատավարձն աշխատանքի գնահատման լավագույն խթանիչ է: Առավելապես