Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն վերաբերում է գիտելիք սերմանող և դաստիարակող մանկավարժին, մասնագիտական կրթություն տվող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողներին, որոնց պետք է ապահովել համարժեք աշխատավարձով: Հետևաբար, լավ վճարելը նաև ենթադրում է կրթության ոլորտի որակյալ մասնագետների համար արժանապատիվ աշխատավարձ սահմանել:

Կրթական հարաբերությունները գործում են այն կոնկրետ-պատմական միջավայրում, որտեղ ձևավորվում են մանկավարժական աշխատողների աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները: Առավել արդյունավետություն և հաջողություն ակնկալելու համար դրանց իրավական կարգավորումը պետք է արտացոլել կրթական իրավունքում, այլ ոչ թե աշխատանքային իրավունքում:

Աշխատանքային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները և լրացումները մեկ քայլ առաջընթաց համարելով, համենայն դեպս, կարծում ենք, որ դրանք ընդունակ չեղան էականորեն բարելավել մանկավարժական աշխատողի աշխատանքի նորմատիվաիրավական հարաբերությունների առանձնահատկությունները: Հիմնական խոցելությունը կայանում է նրանում, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն աշխատանքի և նրա հետ կապված այլ հարաբերություններն ամենից առաջ սահմանում է բոլոր մակարդակի աշխատողների վրա ազդող, ընդհանուր նշանակության նորմեր:

Տնտեսության կամ սոցիալական համակարգի առանձին ոլորտներում աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման առարկան այնքան բարդ է, իսկ նրա անմիջական նորմերը, ինստիտուտները՝ այնքան բազմազան և ընդարձակ, որ դրանց ամբողջական ներգրավումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի կազմում՝ հնարավոր չէ: Հակառակ դեպքում՝ աշխատանքի կարգավորման առանձնահատկությունները կարող էին նշանակալիորեն ընդարձակել օրենսգրքում ներառված ընդհանուր օրենքների շրջանակը, այն վերածել մեխանիկական, հանրագումարային գրքի:

Օրենսդիրն արդարացիորեն հրաժարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում մտցնել քաղծառայողների աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները: Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմերը բավականին հաջողված ամրագրված են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում և կազմում են վարչական իրավունքի հիմնական մասերից մեկը /վերջերս ընդունվեց նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, թեև այն ևս ոչ մի նոր բան չի կարողացել հորինել քաղծառայողների աշխատանքի նորմատիվաիրավական կարգավորման մասին:

Ընդամենն անհրաժեշտ է «Կրթության մասին» ՀՀ օրենքում մանկավարժների աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանելիս պահպանել ՀՀ աշխատանքային իրավունքի հանրահայտ սկզբունքները:

Այսպիսի «անենթակա» նորմերի փոխկապվածությունը բնորոշ է ոչ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքին: Կրթության տարբեր աստիճանների մասին օրենքներում կամ կրթական հաստատությունների կանոնադրություններում առանց որևէ հիմնավորման, նաև անհարկի՝ կրկնվում է աշխատանքային իրավունքի նորմերը:

Այսպիսով՝ աշխատանքային և կրթական իրավունքի համալիր ինստիտուտները, հաշվի առնելով նրանց սերտ փոխկապվածությունը կրթական իրավունքի այլ բաղադրիչների հետ, ենթակա են տեղափոխվելու կրթական իրավունքի աղբյուր, իսկ աշխատանքային իրավունքի նորմերը՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք և աշխատանքային օրենսդրության այլ նորմատիվային ակտեր: