Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ 7 ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գլուխ-7.1 .«Կրթական իրավունք» գիտություն առարկան, խնդիրները, գործառույթները, մեթոդները, աղբյուրները և համակարգը

7.1.1. «Կրթական իրավունք» գիտություն առարկան, խնդիրները և գործառույթները

Իրավունքի ճյուղի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների ամբողջությունն իրավագիտության մեջ ընդունված է անվանել դրա կարգավորման առարկա:

Ցանկացած գիտության համար կարևոր է տվյալ գիտության առարկայի հատվածը: Եթե խոսենք «Կրթական իրավունք» գիտության առարկայի մասին, ապա՝

«Կրթական իրավունք» գիտություն առարկան' կրթական իրավունքի ծագման, զարգացման և դադարեցման գործունեության համընդհանուր օրինաչափությունն է:

Գիտության առարկան համընդհանրացնում է օբյեկտի առավել նշանակալի հատկանիշները, կողմերը, բնութագրությունները, առանձնահատկությունները, որոնք ենթակա են անմիջական ուսումնասիրության հետազոտման համար, որոնց ճանաչումը առանձնապես կարևոր է այս կամ այն տեսական կամ գործնական հիմնահարցի լուծման համար:

«Կրթական իրավունք» գիտություն առարկան՝

1. Հասարակական գիտություն է,

2. Սոցիալական գիտություն է,

3. Ընդհանուր տեսական գիտություն է,

4. Իրավունքի առանձին ճյուղ լինելով՝ իրավական գիտություն է:

«Կրթական իրավունք» գիտության առարկան հասարակական գիտություն է, քանի որ ուսումնասիրում է այնպիսի հասարակական երևույթներ, որոնք սոցիալական պետության կրթական ուսմունքից բխող կրթաիրավական ռազմավարական քաղաքականության ձևավորման ու իրացման առաջնահերթություններն ու տեխնոլոգիաներն են:

«Կրթական իրավունք» գիտության առարկան սոցիալական գիտություն է, որն ուսումնասիրում է անհատի, առանձին սոցիալական խմբերի և ողջ հասարակության սոցիալական կյանքի կրթադաստիարակչական և գիտելիքի փոխանցման իրավական կարգավորման բոլոր բնագավառները:

Ընդհանուր տեսական գիտություն է, քանի որ ուսումնասիրում, բացահայտում և մեկնաբանում է կրթական իրավունքի զարգացման ընդհանուր օրինաչափությունները:

«Կրթական իրավունք» գիտության առարկան՝ իրավագիտության բաղկացուցիչ մասը լինելով, կրթական հայացքների, գաղափարների և պատկերացումների համակարգ է՝ կրթության իրավունքի, կրթական օրենսդրության, դրա սոցիալական պայմանավորվածության, արդյունավետության, օրինաչափությունների, զարգացման ու կատարելագործման միտումների, ինչպես նաև կրթական իրավունքի մեթոդների, սկզբունքների, պատմության և դրա զարգացման հեռանկարների մասին:

Այն ուսումնասիրում է հասարակական կյանքի սոցիալ-կրթաիրավական երևույթները:

Յուրաքանչյուր գիտություն ունի ուսումնասիրվող երևույթների և դրանց օրինաչափությունների խիստ որոշակի շրջանակ: