Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առաջացման հնարավորությունների ստեղծման անհրաժեշտության: Կրթական իրավունքի՝ որպես իրավունքի առանձին գիտաճյուղի հիմնավորման, գաղափարի ընդլայնման իրականացման խնդիրն այն է, որ հասարակության կրթական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք գիտությունների /այդ թվում իրավականի/ մեթոդների ու գիտելիքների ինտեգրման և օգտագործման արդյունքում տրվեն գիտության մեջ տեղի ունեցող գործընթացներին համարժեք արձագանքելու մեխանիզմներ, նոր հիմնավորումներ, կրթատեսական բացատրություններ և մշակվեն ծագող հիմնախնդիրների լուծման գործնական միջնորդություններ:

Դրանում իրենց բացասական դերակատարումն ունեն ոչ միայն կրթական իրավունքի բազմաբարդությունը և դրանց ավանդական միջոցներով վերլուծության բացատրության անհնարինությունը, այլև այն տխուր փաստը, որ առ այսօր դեռևս պարզ չէ, թե կրթական իրավունքը որպես հայկական իրավունքի լիիրավ բաղադրամաս ճանաչելը ինչպիսի արձագանք կունենա գիտական շրջանակներում, քանի որ այս ուսումնական ձեռնարկն առաջին հայկական փորձն է:

Հետևաբար, այս իմաստով բնակչությունը դիտարկելով որպես ամբողջություն, նրա բաղադրամասերի միջև գոյություն ունեցող կապերի պատկերացումը ձեռք է բերում վերացական իմաստ և ուշադրություն չի գրավում, եթե այն հաշվի չի առնվում կրթական քաղաքականության մեջ:

Կրթական իրավունքը, որպես ինքնուրույն իրավունքի ճյուղ և գիտություն կայանալու համար, դեռևս իր մեջ կկրի ոչ քիչ վտանգներ, ստորջրյա խութեր և հոսանքներ: Չնայած խոսքը նոր իրավունքի գիտության մասին է, սակայն այստեղ թաքնված է վտանգ՝ կորցնելու այն ամենը, ինչին հասել է կրթական իրավունքը այն երկար ճանապարհին, որն անցել է որպես սեփական առարկա ունեցող ինքնուրույն գիտություն հաստատվելու ընթացքում: Սա կախված է սրանից, թե գիտական շրջանակները որքանով կկարողանան իրատես լինել և որքանով իրենց նպաստը կբերեն այս գործին:

ԽՍՀՄ տարիներին մոդայիկ էր խոսել գիտության նեղ շրջանակների մեջ չսահմանափակվելու, «հարկից հարկ քայլելու» մասին՝ զննելով նաև այլ գիտությունները: Գիտությունների մեջ սահմանների ազատ հատումները բոլոր առումներով հանդիսանում են հսկայական առավելություն, սակայն կրում է իր մեջ նաև զգալի մարտակոչեր: Մասնավորապես, կրթական իրավահարաբերությունների մանկավարժ /պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողներ/ մասնակիցները, քան որևէ այլ մասնագիտության տեր անձինք, կարիք ունեն պատասխանել այն հարցին, թե ինչում է պարփակված այս գիտության ներուժը և առավելությունն ուրիշների նկատմամբ: Մեր հասարակությունը կարիք ունի նաև, որպեսզի կրթական իրավունքը վերջնականապես բոլորի կողմից ճանաչվի որպես իրավունքի ճյուղ և գիտություն, որը տարբեր է մյուսներից, սակայն սերտորեն կապված է իրավունքի մյուս ճյուղերի՝ աշխատանքային, վարչական, ֆինանսական, սոցիալական ապահովության և այլ իրավունքի ճյուղերի ինստիտուտների հետ միջառարկայական հետազոտությունների լայն ցանցով: Իսկ համալիր գիտության գաղափարում, եթե հստակեցնում ենք բացակայող անհրաժեշտ մեթոդաբանությունը, որոշ չափով զերծ ենք մնում կոշտ քննադատությունից, ցանկանալով առանձնացնել կրթական իրավունքը որպես ինքնուրույն առանձնահատուկ իրավունքի առարկա՝ համալիր գիտության անպարփակ դաշտում:

Համալիր գիտության գաղափարն աստիճանաբար ձևափոխվում է կրթության իրավական գիտելիքների համակարգի, որի միջուկը կրթական իրավունքն է՝ միմիայն իրեն բնորոշ իրավահարաբերություններով՝ անհատի կրթական մակարդակի վրա բացասաբար ազդող հանգամանքների և հիմնախնդիրների պատճառներն ուսումնասիրող և կրթության ոլորտում առկա վտանգներն ու խոցելի կողմերն իրավունքի ուժով հաղթահարելու ուղիները մատնանշող առարկայով:

Ինչպես ասվեց վերևում, ձգտելով ոչ միայն նկարագրել, այլ նաև բացատրել կրթական իրավունքի գործընթացները և միտումները, ընդհանուր առմամբ, արձանագրում ենք, որ կրթական իրավունք գիտությունը համագործակցում է այլ գիտությունների հետ, լայնորեն օգտագործելով նրանց մեթոդաբանական մոտեցումները, մեթոդները, ձեռք բերած գիտելիքները, մեր հերթին իրենց հետ կիսելով ձեռքբերումների բեռը, նույնիսկ նրանց հետ շփման եզրերում ձևավորելով