Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավական, ժողովրդավարական պետություն: /հոդված 1/: Հիմնախնդրի ճիշտ լուծումը կապահովի Հայաստանի սեփական կրթագիտական ներուժի պահպանմանն ու զարգացմանը:

Կրթական իրավունքը որպես իրավունքի առանձին ճյուղ, պրակտիկ գործունեության և նոր կրթաիրավագիտական ուղղություն, իր կայացման շրջանն է ապրում: Երկրի սոցիալական համալիրը կարող է առաջընթաց ապրել միայն կրթության ոլորտում ընդգծված հաջողություններ արձանագրելու դեպքում: Հասարակության կրթության բնագավառը ստանում է երկրի բարեփոխումների ճանապարհով առաջխաղացման որոշիչ նշանակություն, իսկ կրթական համալիրը կարիք ունի պետության սոցիալական պաշտպանության, կրթական համակարգի արդյունավետ գործառնությունն ապահովող մասնագետների և կառավարիչների: Բուհի շրջանավարտ մասնագետները կենսագրական նախատրամադրվածության և անհատական բարձր մշակույթին զուգահեռ պետք է տիրապետեն նաև կրթական իրավունքի տեսության, կրթական ոլորտի կազմակերպակառավարչաիրավական, մի շարք համալիր իրավական ինստիտուտների մասին գիտելիքների: Իրավական ուղղվածության կրթությունն ունի համալսարանական բնույթ, որը և նախատեսում է ուսումնական գործընթացի կառուցվածքն ու բովանդակությունը:

Հայաստանում բարձրագույն և հետբուհական կրթությամբ կրթական իրավունքի մասնագետների համալիր պատրաստումը պետք է իրականացնի ոչ միայն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը կամ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, այլև մյուս բոլոր բուհերը ևս՝ անկախ նրանց կազմակերպաիրավական ձևերից:

Մասնագետների սղության պատճառով, այդ գործառույթը և մի շարք գիտական հիմնարկների համակարգման աշխատանքն իր վրա պետք է վերցնի ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: Որակական բարձր ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ լավ վարձատրվող պրոֆեսորադասախոսական անձնակազմ, որոնց համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր կհանդիսանա վերապատրաստումների անցկացումը և պետպատվերի շրջանակում մրցութային կարգով գիտական թեմաների մշակմանը մասնակից դառնալը: Հատկապես կրթական ոլորտի անընդհատ աճող պահանջներին և բոլոր կարիքներին գիտականորեն հիմնավորված լուծումներ տալու համար, օգտակար կլինի շահագրգիռ նախարարությունները ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին իջեցնեն կրթական՝ նաև սոցիալական մյուս ոլորտների ռազմավարական քաղաքականության մշակման պետական գիտական ուսումնասիրման, հետազոտական և դրանց գնահատման և այդպիսի միասնական պատվերներ, որոնց ֆինանսավորումը կարտացոլվեն միջին ժամկետ ծախսերի ծրագրերում:

Այսօր, պարբերաբար, մեկ կամ երկու շաբաթով անցկացվող կատարելագործման դասընթացների արդյունավետությունը բարձր չէ պակաս տևողության, ինտենսիվության, վերապատրաստվողների հիմնարար մասնագիտական կրթություն չունենալու, ինչպես նաև ծրագրված պատրաստի ամբողջական ավարտուն դասընթաց չունենալու պատճառներով:

Կրթական իրավունքի մասնագետներ պատրաստելու և վերապատրաստման ամբողջ աշխատանքի համակարգումը պետք է իրականացնի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իր կրթության ազգային ինստիտուտի, մայր և մյուս բուհերի հետ սերտորեն համագործակցելով, առանց որի ի զորու չի լինի բարձր արդյունավետություն և արագաշարժություն ապահովել:

Դրանց զուգահեռ, պետք է ունենալ կրթական իրավունքի կատարելագործման հեռակա ուսուցման բաժին, մասնագետների վերապատրաստման բարձրագույն դասընթացներ: Կրթական իրավունքի մասնագետների վերապատրաստման ամբողջ աշխատանքը պետք է հենվի այլ բնագավառին նվիրյալներ հանդիսացող դասախոսական և գիտական ներուժից կազմված թիմային աշխատանքի վրա:

ՀՀ կրթության և գիտության և մյուս շահագրգիռ նախարարությունների հետ հետագա աշխատանքի նման գործելաոճ որդեգրելու դեպքում, գործող ամբիոնները, տեսաբանների և պրակտիկների հետ համատեղ կարճ ժամկետներում պետք է մշակեն ուսումնական պլաններ և ծրագրեր, ուսումնական գործընթացները գիտամեթոդական ձեռնարկներով և դասընթացով ապահովելու համար, պետք է ներդրվեն ինտենսիվ ուսուցման տեխնոլոգիաների զարգացման հիմքերը: