Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարևոր է մայրական դաստիարակությունը, որի իմաստը կայանում է նրանում, որ երեխայի մոտ արմատավորվի բարոյականության և ամոթի զգացումը: Հոգեբանները գտնում են, որ երեխայի զարգացման համար առաջին երեք տարիները ավելի մեծ նշանակություն ունեն, քան նրա կյանքի մնացած տարիները:

Սոցիոլոգները պարբերաբար վերլուծելով կրթության գործընթացները, գտնում են, որ 2-5 տարեկանների մանկապարտեզային հաճախումների փուլում զարգացման արդյունքը համարյա չի տարբերվում ընտանեկան կրթությունից: Որոշ մանկապարտեզներում այդ հասակի երեխաներին կարդալ, անգամ գրել սովորեցնելը բերում է այն թյուր կարծիքի ամրապնդմանը, որ պետությանը պետք չէ նախադպրոցական համակարգ պահել, քանի որ այն փորձում է կրկնել տարրական կրթության բաղադրատարրերը: Սակայն դա շատ սխալ տեսակետ է, քանի որ երեխան կարիք ունի առաջին հերթին սոցիալականացման, ֆիզիկական, բարոյական, մտավոր զարգացման միջավայրի, որը հնարավոր չէ ամբողջովին իրագործելի դարձնել ընտանեկան մթնոլորտում: Այս դրույթները նշված են ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայում /1989 թ./:

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին, որով կարգավորում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը:

Կրթական գործընթացի բովանդակությունը որոշվում է նախադպրոցական կրթության ծրագրերով: Նախադպրոցական կրթական հաստատությունը նախարարության կողմից սահմանված ծրագրերի հիման վրա ինքնուրույն է որոշում իրականացվող ծրագրերը: Բացի այդ, կարող է պետական չափորոշիչներին համապատասխան մշակել և ներդնել նաև ինքնուրույն հեղինակային ծրագրեր: Իր կանոնադրական նպատակներին և խնդիրներին համապատասխան, ծնողների առաջարկությամբ, երկկողմանի պայմանագրի հիման վրա, կարող են իրականացվել լրացուցիչ վճարովի հիմունքներով ծրագրեր, որոնք կարող են իր կարգավիճակից անգամ դուրս լինել: Չի կարելի վճարովի ծառայության մեջ մտցնել այն ծառայությունները, որը տրամադրում է հիմնադիրը:

Առավել կարևոր նշանակություն ունի երեխաների իրավական դաստիարակությունը:

Մանկահասակ տարիքում նրանց մեջ պետք է ձևավորվի իրենց իրավունքների և պարտականությունների մասին մանր գործարքներ կնքելու պատասխանատվության և իրավախախտումներ թույլ չտալու մասին գաղափարներ, այսինքն՝ իրավագիտակցության որոշակի տարրեր:

Հայաստանյան շատ ընտանիքներ հնարավորություններ չունեն իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկելու և այնպիսի դաստիարակության և կրթության տարրեր սերմանելու իրենց երեխաների մեջ, ինչ որ կարող է անել և անում է մանկապարտեզի մանկավարժը: Միայն պետք է ողջունել Երևանի ավագանու վերջերս կայացրած՝ մանկապարտեզի բոլոր ծախսերը Երևանի համայնքային բյուջե ներառելու մասին որոշումը: Միայն այսպիսի քայլերով է հնարավոր երեխայի զարգացումը հասցնել կրթության պետական չափորոշիչով սահմանված՝ ըստ երեխայի տարիքի զարգացման բոլոր տեսակների համար սահմանված ցուցանիշներին: Երեխաների դաստիարակման գործում մեծ դեր է խաղում մանկապարտեզը: Այդ գործառույթն այն իրականացնում է երեք հիմնական ձևաչափով՝

  • մանկապարտեզում երեխային կրթելը,
  • մանկապարտեզում երեխային դաստիարակելը,
  • երեխաների կրթության և դաստիարակման գործում ծնողների համար պարբերաբար կազմակերպվող խորհրդատվությունները, որպեսզի երեխան դրանց համահունչ զարգանա և դաստիարակվի նաև տանը:

Բոլոր դեպքերում, մանկապարտեզի և ծնողի միջև անհրաժեշտ է կնքել երեխայի կրթության և դաստիարակության մասին պայմանագիր:

Գրեթե բոլոր երկրները իրենց պետության և հասարակության զարգացման համար կրթության և դաստիարակության բնագավառում նոր նպատակներ և խնդիրներ են դնում իրենց առջև, նոր և արդիական մեթոդների որոնումների մեջ են, որպեսզի պարզեն՝ այս սրընթաց հարափոխ