Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ցանկերը.

թ) ՀՀ օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն,

ժ) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը,

ժա) իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը,

ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Իր լիազորությունների սահմաններում ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն հետևյալ լիազորությունները՝

ա) ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը,

բ) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.

գ) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին,

դ) ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար,

ե) իրականացնում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը և պաշտոնից ազատումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական գործունեության իրականացումը.

է) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների իրականացումը,

ը) իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքին, այլ իրավական ակտերին և հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը: Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:


8.2.3. Ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման և կրթության որակի չափման իրավական հիմքերը

Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով:

Նախադպրոցական կրթությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրերով:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և ընտրությամբ: