խմբում, քանի որ նման մոտեցումը նպաստում է նրա սոցիալականացմանը (երեխաներն ունեն միմյանց կարիքը՝ սովորելու և շփվելու համար, մեծահասակները կամ խաղալիքները չեն կարող փոխարինել հասակակիցներին):
Նախադպրոցական կրթական հաստատության կրթության որակն ապահովվում է այս հաստատությունների և նրա աշխատողների համար սահմանված չափորոշիչներով: Հնարավոր չէ հասնել որակյալ ծառայությունների մատուցման, եթե նախապես երեխաների համար չեն ստեղծված համապատասխան պայմաններ:
Գլուխ-8.3. Նախադպրոցական կրթադաստիարակչական իրավահարաբերությունների սուբյեկտները և իրավասությունները
8.3.1. Նախադպրոցական կրթադաստիարակչական իրավահարաբերությունների կողմերը
Կրթական իրավահարաբերությունները ծագում են նախադպրոցական հաստատություն ընդունվելու ցանկություն հայտնած ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմում տալուց սկսած: Մնացած՝ երեխային կրթելու, դաստիարակելու, հոգ տանելու և խնամելու հարաբերությունները ծագում են համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո, ծնողի և այդ հաստատության ղեկավարի միջև կնքված պայմանագրի ուժով: Պայմանագիր կնքելիս կողմերը պետք է հաշվի առնեն օրենքով սահմանված բոլոր իրավունքները և պարտավորությունները, քանի որ դրանց սահմանափակում չի թույլատրվում:
Նկատի ունենալով, որ մարդու իրավունքների Եվրոպական Դատարանն ունի պրակտիկա՝ քննարկելու երեխաների կրթության իրավունքի իրացման ընթացում թույլ տրվող իրավախախտումները, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն՝ իրենց գործունեության ընթացքում երեխաների իրավունքների խախտման դեպքեր թույլ չտալու համար:
Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի N1 արձանագրության հոդված 2-ն արգելում է երեխային կրթության իրավունքի տրամադրումը մերժելը, օրինակ՝ երեխայի կամ ծնողի /օրինական ներկայացուցչի/ տվյալ վայրում գրանցված չլինելու, անգամ՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով:
Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են՝ /հոդված 22/
ա) նախադպրոցական տարիքի երեխաները,
բ) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները,
գ) տնօրենները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենների տեղակալները, դաստիարակ-մեթոդիստները, դաստիարակները, ավագ դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդ-ուսուցիչները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, երաժշտության ուսուցիչները, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարները և այլ մասնագետներ,
դ) բուժաշխատողները,
ե) դաստիարակների օգնականները և դայակները,
զ) ծնողները և նրանց օրինական ներկայացուցիչները,
է) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք: Այս անձանց գործառույթները սահմանվում են յուրաքանչյուրի պաշտոնի անձնագրով:
Կարծում ենք օրենսդիրը մյուս սուբյեկտների իրավասությունները սահմանելուց զատ պետք է առանձին սահմաներ նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների իրավունքները և պարտականությունները, կամ նշեր, որ նրանց վրա են տարածվում կրթության