Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դաստիարակությունն ինքը մանկավարժական գործընթաց է: Հետևաբար, դաստիարակության հարցում մեծ է նաև մանկավարժների իրավական պատասխանատվության խնդիրը: Եթե մանկավարժը պատասխանատվություն է կրում սովորողներին կրթելու համար, ապա այդպիսի պատասխանատվություն պետք է կրի նաև դաստիարակության համար, ուստի անհրաժեշտ են իրավական պատասխանատվության համապատասխան օրենսդրական նորմեր և մեխանիզմներ: Դաստիարակության հարցում ծնողների պատասխանատվության իրավական գերծանրաբեռնվածությունը որևէ իրավական ձևով չի կիսում մանկավարժը:

Դաստիարակությունը՝ մանկավարժների /դաստիարակողների/ և սովորողների /դաստիարակվողների/ միջև հատուկ կազմակերպված, կառավարելի և վերահսկելի փոխգործակցություն է, որը նպատակաուղղված է հասարակությանն օգտակար ու պետքական անձի ձևավորմանը:

Դաստիարակության նպատակը հատուկ նախապատրաստված և պլանավորված նպաստավոր պայմանների ստեղծման, ներազդման գործողությունների միջոցով ապագա քաղաքացու ինքնաճանաչման, նրա անձի ու անհատականության լիարժեք դրսևորման, ազատ, համակողմանի զարգացած, սեփական ու ազգային արժանապատվությամբ և քաղաքացիական գիտակցությամբ և ընդունելի վարքապահվածքով օժտված քաղաքակիրթ անձի ձևավորումն է և երեխայի մեջ կանխատեսելի փոփոխություններ տեսնելը:

Մենք վերևում անդրադարձանք, որ ծնողներն իրավունք ունեն և, միաժամանակ, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակության իրացումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարբերաբար հաստատվող ընթացիկ, միջնաժամկետ և հեռահար ծրագրերի միջոցով: Նման ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է գիտամեթոդական կազմակերպական, կադրային, տեղեկատվական և այլ պայմաններ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն /նաև մյուս ուսումնական հաստատություններ/ հաճախող անձանց դաստիարակության համար:

Այդպիսի ծրագրերը կոչված են լուծելու հետևյալ խնդիրները՝

1. բարոյական, քաղաքացիական դաստիարակության բովանդակության և մեխանիզմների մեջ մարդասիրական սկզբունքների զարգացումը,

2. դաստիարակության մեջ դաստիարակության ազգային ավանդույթների և սոզորույթների օգտագործումը,

3. կրթական համակարգում և հայ հասարակության մեջ դաստիարակության սոցիալական կարգավիճակի բարձրացումը,

4. կրթական հաստատության դաստիարակության գործառույթները զարգացնելը և հզորացնելը, դաստիարակության մասնակիցների և դաստիարակվողների շրջանակն ընդլայնելը, գործադրվող ջանքերի համակարգումը, կրթական հաստատության և Երեխայի ընտանիքի հետ փոխհամագործակցությունը,

5. միջանձնային հարաբերությունների զարգացումը,

6. կրթական գործունեության և երեխաների դաստիարակության գործում ծնողների մասնակցության խրախուսումը,

7. երեխաների կրթադաստիարակչական հիմնահարցերում ծնողներին աջակցություն ցույց տալը, ինչպես նաև նրանց հոգեբանամանկավարժական հարցերով լուսավորելը և զարգացնելը,

8. «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի և նույնանուն ՀՀ օրենքի դրույթների հանդեպ ծնողների հարգանքի ձևավորումը,

9. երեխաների դաստիարակության գործում ընտանիքի դերի բարձրացումը,

10. մանկավարժական գործունեության մեջ դաստիարակության նոր ձևերի արմատավորումը,

11. դաստիարակության ոլորտում ղեկավարման ժողովրդավարական ձևերի զարգացումը,

12. տեղային մարզային, համայնքային/ մշակույթների, սովորույթների և ավանդույթների հաշվի առնումը,

13. երեխաների բժշկասոցիալական և հոգեբանամանկավարժական համակարգի ներդնումը,