Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից՝ կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Բացի թվարկածներից, մանկավարժական աշխատողները պետք է գիտենան նաև, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան արգելում է երեխայի իրավունքների ցանկացած խախտում, այդ թվում՝

  • ֆիզիկական կամ հոգեկան բռնությունը,
  • վիրավորանքը,
  • դաստիարակելու իրավունքի չարաշահումը,
  • երեխայի նկատմամբ հոգատարության բացակայությունը,
  • երեխայի հանդեպ անուշադիր վերաբերմունքը,
  • երեխայի հանդեպ կոպիտ վերաբերմունքը,
  • երեխաների շահագործումը և այլն:

2011 թվականի սեպտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Մայքլ Գոուվը լոնդոնյան վերջին խռովությունների հետ կապված առաջարկել է վերանայել երեխաների դաստիարակության մեթոդները և արտահայտվել դպրոցներում մարմնական պատիժներ կիրառելու օգտին: Մեծ Բրիտանիայում վերջին 25 տարիներին պետական դպրոցներում արգելված են մարմնական պատիժները, սակայն մասնավոր դպրոցական հաստատություններն այն կարող են կիրառել իրենց հայեցողությամբ՝ երեխայի ծնողներին այդ մասին տեղեկացնելով: Նախարարը նաև կարծիք է հայտնել դրա կարևորության մասին, քանի որ իր սովորելու ընթացքում այդպիսի պատիժներ են կիրառվել և ինքը դրա համար չի ափսոսում: Բացի այդ դպրոցներում տղամարդ ուսուցիչների պակասի պատճառով մի շարք պետական ծառայողներ տեսակետ են հայտնել, որ դպրոցի ուսուցիչներով պետք է համալրել նախկին գինվորականներով, որպեսզի ցույց տան թե որն է իսկական կարգապահությունը:

Ելնելով թվարկված թելադրանքներից, ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման հավելված N 4-ով սահմանվել է ուսուցչի պաշտոնային պարտականությունները: Դրանք են՝

1) Հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին համապատասխան սովորողների ուսուցման և դաստիարակության պլանավորման իրականացումը,

2) դասավանդման արդյունավետ միջոցների և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով