Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց /Թվարկվածներում բացակայում են հոգեմետ նյութերը, ինչպես նաև դրանց պահելը, տարածելն արգելելը, որոնք քրեորեն հետապնդելի սրարքներ են և որոնք օրենսդիրը բաց է թողել/:


9.2.5. Ուսումնական հաստատությունները որպես հանրակրթության հիմնական սուբյեկտ. տեսակները

Հանրակրթության ուսումնական հաստատությունները կրթական իրավահարաբերությունների հիմնական սուբյեկտներ են, քանի որ գոյություն ունի իրավահարաբերություններ ուսումնական հաստատության և մանկավարժի, ուսումնական հաստատության և սովորողների ու նրանց ծնողների միջև:

Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ տնօրենը, որն ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

Ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ։

Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական, ծնողական, աշակերտակտն խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ՝ հոգաբարձուների և այլ խորհուրդներ:

Ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ը սահմանում է ուսումնական հաստատությունների տեսակները:

Ուսումնական հաստատությունը, ըստ դրանում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, դասվում է հետևյալ տեսակների՝

1) հանրակրթական դպրոց,

2) մասնագիտացված հանրակրթական դպրոց,

3) հատուկ հանրակրթական դպրոց:

Մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:

ՀՀ կառավարությունը, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն:

Այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծվել հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է՝

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),

3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ),